1803 դիտում
12:21 25-09-2015
Տեղի ունեցավ Համահայկական մշակութային փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը. ֆոտոռեպորտաժ
Սեպտեմբերի 24-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում Ստամբուլի հայ համայնքի մշակութային օրերով մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության Համահայկական մշակութային փառատոնը:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում կազմակերպված փառատոնը կտևի սեպտեմբերի 24-27-ը, որը կներառի Ստամբուլի հայ համայնքի մշակութային օրերը Հայաստանում և «Երգում ենք Կոմիտաս» փառատոնը: Համերգներին կմասնակցեն Հայաստանից, Արցախից և աշխարհի 12 երկրից ժամանած երգչախմբեր, պարախմբեր և անհատ կատարողներ (ՌԴ, Վրաստան, Սիրիա, Հորդանան, Թուրքիա, Իսրայել, Էստոնիա, Ճապոնիա, Լիբանան, Հունաստան, Գերմանիա, Շվեդիա՝ շուրջ 300 հոգի):
Փառատոնը նպատակ ունի նպաստելու Հայաստան-Սփյուռք մշակութային գործակցության ընդլայնմանը, Սփյուռքում մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը:
Հանդիսավոր բացմանը համերգային ծրագրով հանդես եկավ Ստամբուլի «Լուսավորիչ» երգչախումբը: Ծրագրում հնչեցին պոլսահայ կոմպոզիտոր Մաժակ Թոշիկյանի՝ Հրանտ Դինքին նվիրված օրատորիան և այլ ստեղծագործություններ՝ դիրիժոր Հակոբ Մամիկոնյանի ղեկավարությամբ, «Էքսպրոմտ» նվագախմբի և «Արևներ» մանկական երգչախմբի նվագակցությամբ:
Հրանտ Դինքին նվիրված օրատորիան բաղկացած էր «Կրնակէս զարկին զիս, Չընարն էր բլէր», «Ճշմարտութիւն», «Աստուած սէր է», «Արիւնս հալալ չեմ ըներ, կորսնցուցինք», «Ջութակ», «Մէծնալը արթննալ է», «Ձայներու գագաթնակէտ, հողը, սէր» բաժիններից: Մեներգիչներն էին Ստամբուլի պետական օպերայի երգչուհի Այլին Աթէշը, Սերճան Կազերօղլուն և Պողոս Եղիազարը:
Հովհաննես Շիրազի, Համո Սահյանի, Մաքրուհի Հակոբյանի, Արթուր Սաֆարյանի, Արմեն Երկաթի, Սուքիաս Գումրուեանի խոսքերով Մաժակ Թոշիկյանի երգերն ու երաժշտական ստեղծագործությունները կատարեցին Սիպիլը, Պողոս Պարթև Կարյանը, Լիտան և «Լուսավորիչ» երգչախումբը:
Մասնակիցներին իր օրհնանքի խոսքը բերեց Պոլսո հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Նա նշեց, որ պոլսահայ համայնքը դարեր շարունակ բեղմնավոր գործունեություն է ծավալում՝ իր ավանդը բերելով հայ մշակույթի, գրականության զարգացմանը: «Համայնքն այսօր ևս պահպանում է հայկական ավանդույթները: Շնորհակալություն Սփյուռքի նախարարությանը և ողջ ստեղծագործական խմբին նման հրաշալի համերգային ծրագիր պատրաստելու և մեզ ներկայացնելու համար», - ասաց Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես նշեց. «Իսկապես հուզվեցինք, հիացանք պոլսահայ երգիչների ու երաժիշտների տաղանդով, կատարողական արվեստով: Համերգը նվիրված էր վաստակաշատ, տաղանդավոր երգահան Մաժակ Թոշիկյանին, բայց դահլիճը լցվեց ու ապրեց Հովհաննես Շիրազով, Համո Սահյանով, Հրանտ Դինքով»: Նախարարն ընդգծեց, որ չնայած 100 տարի առաջ Հայոց ցեղասպանության հետևանքով մենք հայրենազրկվեցինք, սակայն աշխարհով մեկ սփռված հայությունն ամենուրեք ապրեց ու արարեց, ստեղծեց անուն ու հարգանք, աշխարհասփյուռ հայ երգիչների ու երգչախմբերի գործունեության շնորհիվ հայ երգը թևածում է Սփյուռքում և հավատ ներշնչում մեր տոհմիկ արմատների, հայի, Հայաստանի և հայության հանդեպ: «Շնորհակալ ենք Ձեզ, սիրելի՛ պոլսահայեր: Սիրելի՛ Մաժակ, Ձեր «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» երգով Դուք հավերժ մտել եք հայ երգարվեստի մեջ: Շնորհակալություն «Լուսավորիչ» երգչախմբին՝ նրա խմբավար Հակոբ Մամիկոնյանի գլխավորությամբ, որ «Էքսպրոմտ» նվագախմբի հետ այնպես ներդաշնակ ու համախմբված կատարեցին բոլոր ստեղծագործությունները»:
Նախարարը բարձր գնահատեց Հրանտ Դինքին նվիրված օրատորիան, որ առաջին անգամ ներկայացվեց հայ հանդիսատեսին Հայրենիքում, Արամ Խաչատրյան համերգասրահում: «Հրանտ Դինքի հանդեպ մեծ սեր ու նվիրում ունեցող երգահանը միայն կարող էր գրել նման ստեղծագործություն: Շնորհակալ ենք նաև օրատորիայի խոսքերի հեղինակին՝ Պերճուհի Պերպերյանին: Հիանալի էին տաղանդավոր երգիչներ Պարթև Կարյանի, Սիպիլի և Լիտայի կատարումները»:
Հայրենիքին և Սփյուռքին մատուցած ծառայությունների և հայապահպանության գործում նշանակալի ներդրում ունենալու համար նախարարը պոլսահայ տաղանդավոր երգահան Մաժակ Թոշիկյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե հուշամեդալով:
Նախարարության Ոսկե մեդալով պարգևատրվեց համերգի հովանավոր պոլսահայ Տիգրան Կյուլմեզկիլին:
Գերատեսչության ղեկավարը ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագրով պարգևատրեց Պոլսի «Լուսավորիչ» երգչախմբին՝ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նպաստելու, հայապահպանությանն օժանդակելու համար:
ՀՀ սփյուռքի նախարարը բարձր գնահատեց «Մարմարա» օրաթերթի փոխխմբագիր, Մաժակ Թոշիկյանի «Զղջում» երգի խոսքերի հեղինակ Մաքրուհի Հակոբյանի՝ պոլսահայ տաղանդավոր երգիչներին, երգչախմբերին, արվեստագետներին դեպի Հայրենիք ուղղորդելու և Հայաստանի հետ կապելու անմնացորդ ջանքերը:
Նախարարության պատվոգրերի արժանացան երգիչներ Սիպիլը, Պարթև Կարյանը, Լիտան, օրատորիայի խոսքերի հեղինակ Պերճուհի Պերպերյանը, օրատորիայի մեներգիչներ Այլին Աթեշը, Սերճան Կազերօղլուն, Պողոս Եղիազարը և «Արևներ» մանկական երգչախմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
Նմանատիպ նյութեր
2568 դիտում
13:34 23-07-2016
Տեղի է ունեցել «Իմ Հայաստան» համահայկական երրորդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը. լուսանկարներ
3998 դիտում
23:29 22-09-2016
Տեղի ունեցավ Դուդուկի և հայկական այլ նվագարանների փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
307 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
907 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
496 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում