211652_close_icon
views-count2920 դիտում article-date 16:53 11-09-2017

Գուգարաց թեմում վերաօծվեց ևս մեկ եկեղեցի

Լոռու մարզի Լորուտ համայնքում տոն էր: Ինչպես տեղեկացնում են Դիվան Գուգարաց թեմից, ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի` վերաօծվեց գյուղամիջյան 1898 թվականի պատմական աղոթատունը` Սուրբ Սարգիս եկեղեցին: Ընդհանուր թվով հազարից ավել բնակչություն ունեցող այս համայնքը մինչ օրս չուներ գործող եկեղեցի: Խոնարհված եկեղեցու վերականգնումը շատ երկար սպասված փափագ էր համայնքի բնակիչների համար: Սակայն խոստացված էր վերակառուցել, և սրբավայրը կարճ ժամանակամիջոցում վերակառուցվեց բարերարությամբ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանի՝ ի մխիթարություն և առողջություն իր կնոջ՝ Նվարդի և թոռան՝ Կարենի: Այս պատմական ու հիշարժան օրվա տոնակատարությանը հավատքով և ուխտով մասնակցում էին գյուղի ողջ բարեպաշտ ժողովուրդը, երիտասարդներն ու դպրոցականները: Եկեղեցու վերակառուցմանը իրենց նյութական համեստ աջակցությունն են ցուցաբերել նաև համագյուղացի Լեռնիկ Մելիքյանը և ռուսաստանաբնակ Էդիկ Զարինյանը: Իսկ Թումանյանի համայնքապետը՝ Լևոն Զավարյանը, եկեղեցուն նվիրեց մեկ հատ սկիհ: Հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդի` նորաօծ եկեղեցում ուխտի Պատարագ մատուցեց տարածաշրջանի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Գրիգորիս քահանա Դերմենջյանը: Օծման արարողությանը ներկա էին Լոռու մարզային իշխանության ներկայացուցիչներ, նախկին մարզպետն ու տարածաշրջանի քահանա հայրեր, Վանաձորի ներկա քաղաքապետը, ուխտավորներ Երևանից և տարբեր համայնքներից: Հավարտ Պատարագի` Սրբազան Հայրն իր օրհնության ու շնորհավորանքի խոսքն ուղղեց ներկաներին և օրհնեց բարերարին, օրհնության գիր ու Հայաստանի պատմական սրբավայրերի հաստափոր պատկերազարդ ալբոմ նվիրեց Կարեն Սարիբեկյանին: Արարողության ավարտին ներկաներին բաժանվեց ուխտի մատաղ: Սուրբ Սարգիս եկեղեցում այսուհետ իբրև հոգևոր հովիվ եկեղեցական խորհուրդներ կկատարի Թումանյանի տարածաշրջանի հովիվ Տեր Գրիգորիս քահանա Դերմենջյանը: Գուգարաց թեմի առաջնորդը այդ օրը հայտարարեց Լորուտ գյուղի օր:

Նմանատիպ նյութեր