211652_close_icon
views-count1602 դիտում article-date 10:29 08-09-2017

Միացյալ Նահանգները շարունակելու է ականազերծման աշխատանքներ կատարել Արցախում. «Ամերիկայի ձայն»

Միացյալ Նահանգների Կոնգրեսը հավանություն է տվել կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյի առաջարկած նախաձեռնությանը, որը կօգնի փրկել Արցախում բնակվող մարդկանց կյանքեր: Կոնգրեսի որոշմամբ Միացյալ Նահանգները 1,5 միլիոն դոլար հավելյալ գումար է հատկացնելու Արցախի տարածքում ականազերծման հետագա աշխատանքների համար։ ԱՄՆ-ի արտաքին հատկացումների վերջնական նախագիծը հավանաբար Կոնգրեսում քվեարկության կդրվի ուրբաթ երեկոյան: «Արցախի պատերազմի ընթացքում տեղադրված ականների հետևանքով տարածաշրջանում բնակվող տղամարդիկ, կանայք և երեխաներ անընդհատ գտնվում են վնասվածք ստանալու կամ կյանքը կորցնելու վտանգի տակ»,- նշել է Դեյվիդ Վալադաոն: Կոնգրեսականը հիշեցրել է, որ 2000 թվականից Ղարաբաղի տարածքում գործող HALO TRUST կազմակերպությունը արդեն իսկ ականազերծել է Արցախի ականապատ տարածքների ավելի քան 90 տոկոսը: Կազմակերպության գնահատմամբ, մինչև 2020 թիվը Արցախի տարածքը ականներից ամբողջությամբ մաքրելու համար պահանջվելու է 8 միլիոն դոլար: Միացյալ Նահանգները 2000 թվականից ի վեր, նաև ԱՄՆ-ի հայ համայնքի ազդեցության շնորհիվ, անընդմեջխոշոր ֆինանսական միջոցներ է հատկացրել HALO TRUST-ին՝ Արցախում ականազերծման աշխատանքներ կատարելու համար: Այս անգամ հատկացվող 1,5 միլիոն դոլարի փոխանցումը թույլ կտա կազմակերպությանը շարունակել կարևորագույն աշխատանքը: «Արցախի ընտանիքներին ականների վտանգից ազատելու կարևորությունն անհերքելի է»,- ընդգծել է նախաձեռնության հեղինակ, կոնգրեսական Վալադաոն: Ողջունելով նախաձեռնությունը՝ Միացյալ Նահանգների Հայ դատի հանձնախումբը կարևորել է ԱՄՆ-ի գործունեությունը, որն ուղղված է մարդկային կյանքերի պահպանմանը: Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4019738.html]«Ամերիկայի ձայն»[/url]:

Նմանատիպ նյութեր