211652_close_icon
views-count4437 դիտում article-date 16:53 05-09-2017

Որպես ՀՀ վարչապետ, սանձեք ու կարգի հրավիրեք Արմավիրի մարզպետին. Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին։ Նամակում ասվում է. «Պարոն վարչապետ, երեկ՝ սեպտեմբերի 4-ին Արմավիրի մարզպետի մասին հրապարակվեց հերթական «Արմավիրի մարզպետի բեսպրեդելը շարունակվում է, հերթական անգամ տապալվել է տնօրենի ընտրության մրցույթը» հոդվածը, որը փաստում է, որ քանի դեռ այս խնդրի լուծման օրինական ելքը չեք գտնում, մարզպետին ոչ մի թթու խոսք չեք ուզում ասել, մարզպետն էլ շարունակում է արհամարհել Ձե՛ր կառավարության որոշումը ու Դուք, մեղմ ասած, չեք վիրավորվում Ձեր կառավարության որոշման նկատմամբ Արմավիրի մարզպետի արհամարհական վերաբերմունքից: Քաղաքակիրթ աշխարհում, որտեղ օրենքն է իշխանության շաչժիչ ուժը, այս երևույթն անպայման արժանիորեն կպատժվեր: Բայց քանի որ գործող իշխանությունը շատ հեռու է քաղաքակիրթ լինելուց, Օրենքն ու իր իսկ ընդունած իրավական փաստաթուղթը հարգելուց, արդյունքում ամենաշատը տուժում է այդ գյուղի դպրոցը, երեխաների կրթության սահմանադրական իրավունքը, որի պատասխանատվությունը 100%-ով կրում եք անձնապես Դուք: Իսկապես Ձեր կառավարության այս աշխատաոճի պատճառած վնասը մեր երկրի համար, հատկապես կրթության ոլորտի համար, վտանգավոր չափերի է հասնում: Հետևությունները՝ նույնպես, վերջապես որպես ՀՀ վարչապետ, գոնե Ձեր անձնական արժանապատվությունը պաշտպանեք, սանձեք ու կարգի հրավիրեք Արմավիրի մարզպետին: Հիմա գանք ԿԳ նախարարին: Օգոստոսի 30-ին Երկիր Մեդիայի եթերում էր պարոն Լևոն Մկրտչյանն ու հարցազրույց վարողը այն սկսեց հենց այդ օրը նախարարին ուղղված իմ բաց նամակից, որտեղ ուղիղ հարց եմ բարձրացնում այն մասին, թե ե՞րբ է վերջապես կայանալու ամիսներ շարունակ Արմավիրի մարզի այս դպրոցում ընթացող տնօրենի մրցույթը՝ կառավարության կողմից ընդունված իրավական փաստաթղթի տառին համապատասխան: Պատասխանի սղագրությունը սա է. «Իր (այսինքն՝ իմ, Ա.Բ.) բաց նամակների շարքը անսկիզբ ու անվերջ է (ասաց ժպտալով, որին պատասխանեցի ժպտալով): Զբաղվել ենք, հրապարակելուց հետո մարզպետը ևս տեղյակ է (կարծես մարզպետը չի այս ամենի հեղինակը ու նոր տեղեկացավ), փոխնախարարը կկապվի վարչության պետի հետ, հասկանանք իրավիճակը, հարցն ավելի խորը ուսումնասիրության կարիք ունի, երկար պատմություն ունի, բայց ամեն դեպքում իմ վերահսկողության տակ է»։ Պարոն Մկրտչյանը խոստովանում է, որ երկար պատմություն ունի ու չի ասում, թե ո՞վ է երկարացրել այս պատմությունը: Այդ ուսումնասիրություն ասելով չգիտեմ, թե ինչ նկատի ունի նախարարը, բայց հուշեմ, որ ուսումնասիրել պետք չի, վաղուց պետք էր Կառավարության համապատասխան որոշման համաձայն տնօրենի հավակնորդների մրցույթին ներկայացրած գործերն ուղարկել փոխվարչապետի գրասենյակ ու այնտեղ, հուսամ կգտնվեին պաշտոնյաներ, ովքեր մանրամասն կստուգեին երկու հավակնորդների բոլոր փաստաթղթերի օրինականությունը՝ բարձրագույն կրթության փաստաթուղթն ու համապատասխանությունը, տնօրենի պաշտոնակատարի հավաստագրի օրինականությունն ու 7 տարվա իրական մանկավարժական ստաժի առկայությունը և մնացած փաստաթղթերն ու որոշում կկայացնեին կառավարութան վերոնշյալ որոշման համապատասխան՝ չենթարկվելով կոռուպցիայի կանոններին ու ընտրելով ավելի արժանավորին: Պարոն նախարար, որպես ոլորտի կառավարման լիազոր մարմնի ղեկավար, վերջապես օրինական ձևով պաշտպանեք այդ գյուղի երեխաների կրթության շահերը, միայն երեխաների կրթության շահերից ելնելով լուծեք Արմավիրի Արտաշար գյուղի դպրոցի տնօրենի հարցը: Այսօր արդեն սեպտեմբերի 5-ն է և ավելի լավ կլինի, եթե ուսումնասիրեք, թե արդյո՞ք վստահելի ձեռքերում է դպրոցի կառավարումն այս գյուղում, ո՞վ է կազմակերպում ուսումնական գործընթացն այդ դպրոցում և ինչպե՞ս»:

Նմանատիպ նյութեր