211652_close_icon
views-count13406 դիտում article-date 22:59 04-09-2017

Գույների և պատկերների յուրահատուկ աշխարհ. բացվեց նկարիչ Վարդան Պողոսյանի աշխատանքների ցուցահանդեսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամում այսօր՝ սեպտեմբերի 4-ին, բացվեց նկարիչ Վարդան Պողոսյանի աշխատանքների ցուցահանդեսը։ Ներկայացված է մոտ 40 նկար։ Վարդան Պողոսյանը նշում է, որ ինչ իրեն հիշում է, նկարում է. «Երբ գունավոր մատիտ տեսա, այդ ժամանակից էլ նկարում եմ»։ Նկարչությունը Վարդան Պողոսյանի համար յուրատեսակ մի աշխարհ է, որտեղ ապրում ես, արարում, հաճույք, հանգստություն ստանում նոր բան ստեղծելու պրոցեսից. «Ու շատ հետաքրքիր է մարդկանց շփումն այդ աշխարհի հետ։ Ոմանք ընկալում են նկարչի պատկերները ճիշտ այնպես, ինչպես հեղինակն է այն ցանկացել մատուցել, ոմանք էլ նոր մոտիվներ, տարրեր են նկատում»։ Վարդան Պողոսյանը նշում է, որ յուրաքանչյուր նկարիչ իր անհատական ոճով է ստեղծագործում։ Ըստ նրա, դիտողը նկարների մեջ հետաքրքրություն է փնտրում. «Եթե առանձնահատուկ բան գտնի, այդ հետաքրքրությունը նրա համար պատուհան կդառնա և կմտնի նկարչի ապրումների աշխարհ»։ Վարդան Պողոսյանը նշում է, որ տարբեր շրջաններում տարբեր նախասիրություններ է ունեցել նկարչության մեջ. «Կար փուլ, որ ավելի շատ հետաքրքրված էի իմպրեսիոնիստներով, հետո՝ դասական, վերածննդի դարաշրջանի հեղինակներով, ռեալիստներով։ Եվ որքան մեծանում ես, այնքան ավելի շատ ես հակվում դեպի մոդեռնիզմ»։ Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Վարդան Պողոսյանի ուսանողները, արվեստագետներ, արվեստասերներ։ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ավետիք Ավետիսյանն ընդգծեց, որ Վարդան Պողոսյանը ժամանակակից կերպարվեստի լավագույն ներկայացուցիչներից է։ Ըստ նրա՝ արվեստագետների համար այսօր բավականին բարդ է ցուցադրվելը, ուստի գովելի է, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը երիտասարդ արվեստագետներին այդ հնարավորությունը տալիս է։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն ընդգծեց, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը մշտապես աջակցում է երիտասարդ արվեստագետներին, և առաջին անգամ չէ, որ ներկայացնում է Վարդան Պողոսյանի աշխատանքները։ «Նկարչի համար դրսևորվելու լավագույն ձևը աշխատանքները հանրությանը ներկայացնելն է, ցուցահանդեսներ կազմակերպելը։ Աբովյան 50/5 հասցեում գտնվող ՀԵՀ գրասենյակի նախասրահը մենք ամբողջությամբ տրամադրել ենք արվեստագետներին։ Մենք ստեղծել ենք բոլոր հարմարությունները, որպեսզի օգտագործելով այս սրահը՝ նրանք հաղորդակցվեն արվեստասերների հետ»,- ասաց Կարեն Ավագյանը՝ նաև բարձր գնահատելով Վարդան Պողոսյանի արվեստը։ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն առանձնացրեց այն փաստը, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հնարավորություն է տալիս ներկայացնելու արվեստագետներին իրենց ստեղծագործական մտքի թռիչքը։ Նա, շնորհավորելով նկարների հեղինակին, մաղթեց ստեղծագործական նոր վերելք և կարևորեց, որպեսզի նրա աշխատանքները լայնածավալ դիտումների արժանանան ամենատարբեր հարթակներում։ [b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր