1842 դիտում
18:57 31-08-2017
Մարդու իրավունքների պաշտպանի իրավական դիրքորոշումը՝ փաստաբանի մասնագիտական գործունեության մի շարք երաշխիքների վերաբերյալ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվել է իրավական վերլուծություն, որն առնչվում է փաստաբանի մասնագիտական գործունեության մի շարք երաշխիքների՝ կապված քրեակատարողական հիմնարկ կամ դատարան փաստաբանի մուտք գործելու, զննության կամ խուզարկության պահանջի և իր վստահորդների շահերի պաշտպանությունն իրականացնելու հետ:
Վերլուծությունն իրականացվել է հետևյալ իրավաչափ շահերի հաշվառմամբ.
1) փաստաբանի հեղինակությունն ու նրա մասնագիտական աշխատանքի արդյունավետությունը.
2) փաստաբան-վստահորդ արտոնյալ հաղորդակցության և փաստաբանական գաղտնիքի պաշտպանվածությունը.
3) փաստաբանի վստահորդի, այդ թվում՝ նրա պաշտպանյալի իրավաբանական օգնության իրավունքի և արդար դատաքննության մյուս երաշխիքների ապահովումը.
4) իրավախախտումների կանխումը, համապատասխան հաստատության անվտանգության ապահովումն ու այլոց իրավունքների պաշտպանությունը:
Փաստաբանի մասնագիտական աշխատանքն արդարադատության իրականացման գործընթացի անբաժան մասն է և ենթակա է հատուկ երաշխավորման: Փաստաբանի հանրային հեղինակությունը նրա վստահորդի իրավունքների արդյունավետ պաշտպանության կարևոր երաշխիք է և երկրում իրավապաշտպան աշխատանքի զարգացման անհրաժեշտ գրավական.
Հիմնական եզրահանգումներն ու առաջարկություններն են՝
- Պետության ցանկացած ներկայացուցիչ, այդ թվում՝ քրեակատարողական ծառայողը կամ դատական կարգադրիչը պարտավոր են առաջնորդվել փաստաբանի բարեխղճության և ազնվության կանխավարկածով.
- Պետությունը պարտավոր է ապահովել փաստաբան-վստահորդ արտոնյալ հաղորդակցության և փաստաբանական գաղտնիքի պաշտպանվածությունը՝ անկախ տեխնիկական միջոցների առկայությունից.
- Ստուգողական ցանկացած գործողություն պետք է իրականացվի փաստաբանի և նրա վստահորդի շահերի հետ հավասարակշռման և հիմքերի պատշաճ առկայության պայմաններում.
- Պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է, որ զննության ենթարկվելուց հրաժարվելու մասին փաստաբանների պատճառաբանությունները դատական կարգադրիչների կողմից որոշումներ կայացնելիս համաչափության տեսանկյունից հաշվի չեն առնվել: Զննության` գործողությունների որոշակի շրջանակով չսահմանափակված ընթացակարգից հրաժարումն անկախ ամեն ինչից առաջացրել է խիստ հետևանք՝ դատական նիստերի դահլիճ մուտքն արգելելը.
- Անհրաժեշտ է իրականացնել «զննություն» և «խուզարկություն» հասկացությունների հստակ տարանջատում, բացահայտել դրանցից յուրաքանչյուրի բովանդակությունը կազմող գործողությունների շրջանակը՝ հաշվի առնելով կոնկրետ ոլորտում դրա նշանակության իրավական առանձնահատկությունները: Պետք է պատշաճ արտացոլել փաստաբաններին խուզարկելու օրենսդրական արգելքը.
- Պետք է բացառել մյուս սուբյեկտների, այդ թվում՝ դատախազների համեմատությամբ խտրականության որևէ դրսևորում.
- Անհրաժեշտ է անհետաձգելիորեն հստակեցնել արգելված առարկաները որոշելու չափանիշները և դրանց ցանկը.
- Անհրաժեշտ է մշակել համապատասխան ստուգողական գործողությունների իրականացման մեթոդական ուղեցույցներ և կազմակերպել ստուգողական գործողություն իրականացնող աշխատակիցների վերապատրաստումներ.
- Պետք է ապահովել ուղեցույցների հասանելիությունը հանրությանը, դրանք տարածել զանգվածային լրատվության միջոցներով և հանրությանը մատչելի այլ եղանակներով, այդ թվում՝ փակցնելով համապատասխան շենք մուտք գործողին տեսանելի վայրերում:
Վերլուծության հիման վրա մշակված եզրահանգումներն ու առաջարկությունները, ուղարկվել են Արդարադատության նախարարություն, Դատարանների նախագահների խորհուրդ և Դատական դեպարտամենտ:
[b]ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ[/b]
Նմանատիպ նյութեր
2498 դիտում
14:02 01-08-2018
Փաստաբանի մասնագիտական աշխատանքի վերաբերյալ պետք է ձևավորվեն իրավական ճիշտ ընկալումներ. ՄԻՊ
Այս բաժնից
934 դիտում
21:40 24-12-2024
Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
664 դիտում
21:28 24-12-2024
Վեհափառը նորընծա սարկավագներին հորդորել է ամեն ջանք դնել՝ բարձր պահելու Հայ Եկեղեցու բարի համբավը
1174 դիտում
21:04 24-12-2024
Ադրբեջանական կողմը հենց այդ լրջագույն մտավախությամբ շարունակ ձգձգում էր գործընթացը. Գևորգ Դանիելյան