211652_close_icon
views-count14263 դիտում article-date 15:15 28-08-2017

Սերժ Սարգսյանն ընդունել է աշխարհի չեմպիոններ Արթուր Ալեքսանյանին և Մաքսիմ Մանուկյանին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում ոսկե մեդալներ նվաճած աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին և աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը և սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Հանրապետության Նախագահը շնորհավորել է մարզիկներին փայլուն արդյունքներով հայրենիք վերադառնալու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել իրենց հաղթանակով մեր ամբողջ ժողովրդին ուրախության և հպարտության պահեր պարգևելու, բարձր տրամադրություն հաղորդելու, ինչպես նաև մեր ժողովրդին աշխարհում ավելի ճանաչելի դարձնելու համար: Նախագահը կարևորել է նաև այն հանգամանքը, որ հաղթանակած մարզիկներն իրենց օրինակով ուղենիշ են դառնում երեխաների և այլ երիտասարդների համար, ովքեր ոգեշնչվում են, ձգտում նմանվել նրանց, դառնում է՛լ ավելի աշխատասեր ու նպատակասլաց: Սերժ Սարգսյանը հանդիպման ժամանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանից և գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանից հետաքրքրվել է հանրապետությունում ըմբշամարտի զարգացման համար առավել բարենպաստ պայմանների ստեղծման աշխատանքների ընթացքով և պատրաստակամություն հայտնել անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերել այդ աշխատանքները ժամանակին և պատշաճ իրականացնելու համար: Հանդիպման մասնակիցները շնորհակալություն են հայտնել Հանրապետության Նախագահին սպորտի զարգացման և մարզիկների նկատմամբ մշտական ուշադրություն ու հոգածության համար՝ ընդգծելով, որ դա ամեն անգամ ավելի է ոգևորում և պարտավորեցնում հասնել նոր հաջողությունների:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր