3214 դիտում
19:34 23-08-2017
Դատապարտյալը պարբերաբար լքել է քրեակատարողական հիմնարկի տարածքը. հարուցվել է քրեական գործ՝ ՔԿՀ աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ
«Արթիկ» ՔԿՀ-ի բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է ՔԿՀ-ի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպք:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. հուլիսի 20-ին Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ժամանակ «Արթիկ» ՔԿՀ-ի բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալն ստացել էր կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռնարկված բազմակողմանի քննության արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ «Արթիկ» ՔԿՀ առանձին աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ։
Մասնավորապես՝ նախնական քննությամբ պարզվել է, որ դատապարտյալը պարբերաբար լքել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի տարածքը, իսկ ՔԿՀ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք, հաստատապես տեղեկացված լինելով այդ մասին, միջոցներ չեն ձեռնարկել՝ նրա ոչ իրավաչափ վարքագիծը կանխելու ուղղությամբ, ինչն էլ առաջացրել է ծանր հետևանքներ:
Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա՝ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Քրեական գործն ուղարկվել է ըստ քննչական ենթակայություն՝ ՀՔԾ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա
մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`
օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]ՀՀ քննչական կոմիտե[/b]