211652_close_icon
views-count3055 դիտում article-date 14:45 31-07-2017

Հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել 2017թ. ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքը

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում բնակչության և անչափահասների շրջանում պարբերաբար բացատրական աշխատանքներ են տարվում արհեստական ջրավազաններում լողալու դեպքերը բացառելու նպատակով: Զեկուցվել է, որ ջրավազանների հարակից տարածքներում տեղադրված են նաև համապատասխան իրազեկող ցուցանակներ և արգելող նշաններ: Աշխատակազմի համապատասխան վարչություններին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է շարունակել այս ուղղությամբ հսկողությունն ու Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետ համատեղ խստորեն վերահսկել ու բացառել մասնավորապես ջրավազաններում կենդանիներին լողացնելու դեպքերը: Զեկուցվել է, որ քաղաքապետարանի ծրագրերով մայրաքաղաքում սահմանված ժամանակացույցով շարունակվում են փոսանորոգման և փողոցների մայթերի վնասված սալիկների վերականգնման աշխատանքները: Հանձնարարվել է շարունակել գործընթացը՝ հետևողական ուշադրություն դարձնելով աշխատանքների ինչպես որակին, այնպես էլ սահմանված ժամանակացույցի պահպանմանը: Անդրադառնալով ընթացիկ աշխատանքներին` զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում է ամենօրյա հսկողությունը` ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման, բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման, չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու նպատակով: Զեկուցվել է նաև, որ սահմանված ժամանակացուցով շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի, տանիքների վերանորոգման, ինչպես նաև ընդհանուր օգտագործման գույքի վնասված հատվածների վերականգնման աշխատանքները: Պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է շարունակել բոլոր ուղղություններով հետևողական հսկողությունը: Աշխատանքային խորհրդակցության ավարտին աշխատակազմի բնապահպանության, կրթության, մշակույթի վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է գույքագրել հանրակրթական դպրոցների, նախակրթական և արտադպրոցական հաստատությունների հարակից այն տարածքները, որտեղ կա ոռոգման ցանցի անցկացման անհրաժեշտություն, և դրա հիման վրա նախապատրաստել ու ներկայացնել համապատասխան առաջարկություն՝ խնդրի լուծումը հաջորդ տարվա ծրագրում ներառելու նպատակով:

Նմանատիպ նյութեր