4410 դիտում
15:59 28-07-2017
Հայ-ամերիկյան-բրիտանական համատեղ վարժանքը դարձավ արտակարգ իրավիճակներին արձագանքման սահմանված բարձր նշաձողի հիմքը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզում գտնվող ԱԻՆ «Լուսակերտ» ուսումնական կենտրոնի վարժահրապարակում կայացավ հատուկ տակտիկական ուսումնավարժություն «Քլոր տեղափոխող բեռնատար և մարդատար երկու գնացքների բախման հետևանքով ստեղծված իրավիճակում քիմիական, ճառագայթային մոնիթորինգի, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացում, առաջին բուժօգնության ցուցաբերում» թեմայով: Ուսումնավարժության ընթացքին հետևում էին ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը, ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի գեներալ-ադյուտանտ, գեներալ-մայոր Լի Թաֆանելին:
Վարժանքն իրականացվում էր այս տարվա հուլիսին ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի և Միացյալ Թագավորության 6-րդ գումարտակի փորձագետների կողմից ՀՀ ԱԻՆ փրկարարական ուժերի համար անցկացվող առաջին օգնության, կենսապահովման հիմունքների և վտանգավոր նյութերի հետ աշխատանքի թեմաներով դասընթացների շրջանակում:
Ըստ ուսումնավարժության սցենարի՝ տեղական ժամանակով ժամը 1030-ի սահմաններում ՀՀ Արմավիրի մարզի «Արաքս» կայարանում՝ բախվել են քլոր տեղափոխող բեռնատար և մարդատար երկու գնացքներ: Բախման հետևանքով բեռնատար գնացքի գլանատակառի վրա առաջացել է ճեղք, իսկ ուղևորատար գնացքում հրդեհ է բռնկվել, գլանատակառի վրա առաջացած ճեղքից տեղի է ունեցել քլորի պայմանական արտահոսք, կա 9 տուժած, ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է իրականացնել ճառագայթային, քիմիական հետախուզություն և տուժածների տարհանում, ինչպես նաև հրդեհաշիջման ու փրկարարական աշխատանքներ, առաջին բուժօգնության ցուցաբերել տուժածներին:
Անմիջապես դեպքի վայր ժամանեցին ՀՀ ԱԻՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության ճառագայթային, քիմիական, կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի ծառայողները, որոնք իրականացրեցին քիմիական և ճառագայթային հետախուզություն, չափվեց ժառագայթային ֆոնը և օդում քլորի խտությունը: Ստեղծված իրավիճակը գնահատելուց հետո` ՀՀ ԱԻՆ ՓԾ փրկարար ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ուժերով իրականացվեցին տուժածների տարհանման և պնևմոբարձիկի միջոցով քլորի արտանետումը դադարեցնելու միջոցառումներ:
Միևնույն ժամանակ դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկի միջոցով ապահովվում է ջրային «վարագույր»` արտանետված քլորի տարածումը կանխելու, այնուհետև տուժածների ու փրկարարների վարակազերծումն իրականացնելու նպատակով: Բեռնատար գնացքի տուժած ուղևորները «Տաք» և «Սառը» գոտիների սահմանագծում ծավալված վարակազերծման կետում անցնում են սանիտարական լվացում, տեղափոխվում են «մաքուր» տարածք, զգեստափոխվում են, այնուհետև ՀՀ ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության ծառայողների ուժերով տուժածները տեղափոխվում են ՀՀ ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոն»-ի կողմից ծավալված բժշկական տեսակավորման կետ ու ստանում անհրաժեշտ բժշկական օգնություն: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարական ջոկատի ուժերով իրականացվում են գնացքների բախման հետևանքով առաջացած հրդեհի մարման և տուժած ուղևորների տարհանման աշխատանքներ:
Ուսումնավարժանքի ավարտին շնորհավորական խոսքով հանդես եկան ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը , Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը , ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի գեներալ - ադյուտանտ, գեներալ-մայոր Լի Թաֆանելին, որոնք գոհունակությամբ նշեցին, որ տպավորված են ուսումնավարժանքի արդյունքներից, միևնույն ժամանակ բարձր գնահատեցին Արտակարգ իրավիճակների նախարարության և իրենց երկրների միջև արտակարգ իրավիճակների արձագանքման ոլորտում ձևավորված սերտ համագործակցությունը:
ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը շնորհակալություն հայտնեց ուսումնավարժանքի մասնակից ԱՄՆ, Միացյալ Թագավորության, և ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայողներին՝ ուսումնավարժանքին ակտիվ մասնակցելու համար:
-Մեր երկրների բնակչությունը մեզնից պահանջում է արտակարգ իրավիճակներին արձագանքման բարձր չափանիշներ, և ես կարծում եմ, որ այս վարժանքների արդյունքը հիմնաքար էր այդ նշաձողին համատեղ հասնելու համար, - շեշտեց նախարար Դավիթ Տոնոյանը:
Միջոցառման ավարտին ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը՝ արտակարգ իրավիճակների պատրաստվածության, առաջին բուժօգնության, ճառագայթային, քիմիական, կենսաբանական իրավիճակների վերաբերյալ դասընթացները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի և Բրիտանիայի միացյալ թագավորության թագավորական ցամաքային զորքերի վեցերորդ գումարտակի ընդհանուր թվով 18 զինծառայողների պարգևատրեց ԱԻՆ շնորհակալագրերով: ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի և Բրիտանիայի միացյալ թագավորության թագավորական ցամաքային զորքերի վերպատրաստող թիմի կողմից Լուսակերտի հրշեջ փրկարարական ջոկատը ստացավ վկայական առ այն՝ որ ջոկատը հաջողությամբ ավարտել է խորացված առաջին օգնության և վտանգավոր նյութերի ճանաչման և արձագանքման դասընթացը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
1223 դիտում
12:03 11-05-2019
Դավիթ Տոնոյանն ընդունել է Արտակարգ իրավիճակներին պատրաստվածության ռազմաքաղաքացիական ծրագրի ներկայացուցիչներին
1570 դիտում
19:44 20-08-2014
Հայաստանում հացի պահանջարկը հատուկ է պատերազմական իրավիճակներին
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
922 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»