211652_close_icon
views-count8833 դիտում article-date 17:31 27-07-2017

Հայաստանը չի հանդիսանում Խորհրդային Միության իրավահաջորդ. Վարդան Արամյան

«Հայաստանը օրեր առաջ կրկնակի հարկման մասին համաձայնագիր Իսրայելի հետ ստորագրեց, ինչը նախանշում է, որ սա մեզ համար կարևոր է: Այսօր ունենք 46 երկիր, որոնց հետ կնքել ենք կրկնակի հարկումը բացառող համաձայնագրեր: Իսրայելը դարձավ 47-ը: Հուսով ենք, որ Միացյալ Նահանգները հաջորդը կլինի»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, նշելով, որ Հայ-ամերիկյան կրկնակի հարկման համաձայնագիրը միշտ եղել է ՀՀ կառավարության օրակարգում և ամերիկյան գործընկերների հետ այս հարցը քննարկում են: Նա դժվարացավ ասել, թե ինչ ժամկետներում Հայաստանը կունենա ԱՄՆ-ի հետ կրկնակի հարկման մասին համաձայնագիր։ Վարդան Արամյանը տեղեկացրեց, որ ներկայում դեռ գործում է նախկին՝ Խորհրդային Միության ու Միացյալ Նահանգների միջև կնքված համաձայնագիրը: «Մեր կարծիքով՝ դա ժամանակավրեպ է, որովհետև այսօրվա դրությամբ՝ ՏՀԶԿ-ի (Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության) կողմից մշակվել են ուղղություններ ու ընդհանուր շրջանակներ կրկնակի հարկումը բացառող կոնվենցիաների շրջանակում: Մենք վստահ ենք, որ գործողը չի համապատասխանում դրան և, գումարած դրան, Հայաստանը չի հանդիսանում Խորհրդային Միության իրավահաջորդ: Մեր հակափաստարկն այն է, որ կարծում ենք, որ այս պահի դրությամբ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի բացակայությունը կարող է նաև խոչընդոտել տնտեսվարողների որոշումներին, ներդրումների իրականացմանը երկուստեք. այսինքն՝ դեպի Հայաստան ու Հայաստանից դեպի ԱՄՆ, որովհետև յուրաքանչյուր տնտեսվարող, ներդրում կատարելուց, պետք է վստահ լինի, որ հարկման դաշտն իր համար ընկալելի է ու կայուն»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր