Սահմանամերձ համայնքների աշակերտների դասագրքերի փոխհատուցման խնդրի լուծման համար պետք է կառավարության որոշումը. Վիգեն Սարգսյան
Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին հանձնարարական տվեց, որից հետո ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ երեկ սահմանամերձ համայնքների միջգերատեսչական հանձնաժողովի նիստն էր, և այնտեղ կա երկու հանձնարարական Կրթության և գիտության նախարարությանը՝ ՀՀ նախագահից:
«Եթե մենք դա շատ արագ չանենք, ուղղակի չենք հասցնելու: Մեկը վերաբերում է սահմանամերձ համայնքների աշակերտների բոլոր դասագրքերի փոխհատուցման խնդրի լուծմանը, երկրորդը՝ սահմանամերձ համայնքներից ուսանողների ուսման վարձերի հատուկ մեխանիզմի ներդրմանը»,- ասաց նա և նշեց, որ երկու հանձնարարականի վերաբերյալ էլ կրթության և գիտության նախարարի տեղակալը երեկ զեկուցում էր, որ պատրաստ են:
«Բայց դրանք երկուսն էլ կառավարության որոշումներ են պահանջելու, և ցանկալի է դա անել հիմա՝ մինչև սեպտեմբերի մեկը, դասագրքերի առումով՝ անպայման, երկրորդը՝ գոնե իրազեկման առումով»,- ասաց նա և խնդրեց վարչապետին, որ ԿԳ նախարարին ուղղված հանձնարարականի մեջ դրանք ևս ներառվեն։
«Շատ լավ»,- արձագանքեց վարչապետ Կարեն Կարապետյանը: