«Վարդանյանց ասպետներ» կազմակերպությունն օգնություն է ցուցաբերել Արցախի առողջապահական համակարգին
                        «Վարդանյանց ասպետներ» կազմակերպության անդամներն այսօր հանդիպել են ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանի հետ, քննարկել առողջապահական համակարգին վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպումից հետո կազմակերպության անդամները նախարարի հետ եղել են Ստեփանակերտի հին և նորակառույց ուռուցքաբանական կենտրոններում՝ ծանոթանալով բուժհիմնարկների պայմաններին և առկա խնդիրներին:
Կ. Աթայանն ասել է, որ «Վարդանյանց ասպետներ» կազմակերպությունն Ստեփանակերտի ուռուցքաբանական դիսպանսերին է տրամադրել 10 հազար դոլլար գումար:
«Մեր հյուրերն անձամբ են ծանոթացնել  խնդիրներին ու պայմաններին: Հուսով ենք, որ նման նախաձեռնությունները կրելու են շարունակական բնույթ»,-ասել է Կ. Աթայանը:
Իր որդու և աղջկա հետ Արցախ եկած «Վարդանյանց ասպետներ» կազմակերպության Վաշինգտոնի մասնաճյուղի անդամ Ռուբեն Բոռնաջյանն ասել է. «Մեր կազմակերպությունն ստեղծվել է 1916 թվականին: Մենք վերջին 25 տարիների ընթացքում  Հայաստանում իրականացրել  ենք   մի   շարք ծրագրեր: 
Կազմակերպությունը բաղկացած է 13 հազար հայ անդամից: ԱՄՆ-ում ունի 24 գրասենյակ:  Բացելով այդ գրասենյակները՝ փորձել ենք օգտակար լինել հայկական համայնքին. նպատակ ունենք 1 տարվա ընթացքում Հայաստանում 250 տուն կառուցել: Ուրախ ենք, որ Արցախն այսպիսին տեսանք.այստեղ զարգացում և աճ  է  գրանցվում, բայց անելիքներ ևս կան: Մեր արարքով մենք ուզում ենք օրինակ հանդիսանալ «Վարդանյանց ասպետներ» կազմակերպության մյուս մասնաճյուղերի համար, որպեսզի  նրանք էլ իրենց օժանդակությունը բերեն Արցախին»:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

