211652_close_icon
views-count53913 դիտում article-date 10:17 15-07-2017

Երևանում մահացած 1,5 տարեկան երեխայի հարազատները վստահ են, որ մահվան պատճառը պատվաստանյութն էր, ոչ թե շոգը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանում՝ «Խարբերդի դաչա­ներ» կոչվող թաղամասում, հու­լիսի 6-ին 1.5 տարեկան փոքրիկ է մահացել: Նրա հարազատները գտնում են, որ պատճառը դրանից երկու օր առաջ ստացած պատվաստումն է: Մայրը՝ Թեհմինե Բաղդասարյանը, մեր զրույցում պատմեց, որ դուստրն ատամ հանելու պատճառով վատառողջ էր, հոսպիտալացվել էր, բուժում էր ստանում: Այդ ընթացքում տարածքային պոլիկլինիկայից շարունակ զանգահարել են, ասել, որ պետք է երեխան հերթական պատվաստումը ստանալու տանել: Ինքն անընդ­հատ մերժել է, բայց ի վերջո տեղի է տվել: Բժիշկը վստահեցրել է, որ կարող են վս­տահել իր երկարամյա փորձին ու իմանալ, որ պատվաստումից վտանգ չկա: «Այնքան զանգահարեցին, երեխային տարա, պատվաստվեց: Բայց պատվաս­տանյութը ինձ մոտ չեն քաշել ներարկիչի մեջ: Բուժքույրը պատրաստ բերեց, բժիշկը իմ պուճուրիկին սրսկեց: Ասաց՝ դա յոթ հի­վանդության դեմ է: Հետո երեխային բերե­ցի տուն, երկու օր ամեն ինչ նորմալ էր, ու­տում էր, ջուր էր խմում, խաղում էր: Երրորդ օրը տաքությունը բարձրացավ: Երեկոյան զանգահարեցի շտապօգնություն, ասացի պատվաստում են արել, երեխայի տաքու­թյունը բարձրացել է, մի հատ կանչ գրեք: Պատասխանեցին՝ այդպես պետք է լինի, չենք կարող գալ, կանցնի»,- ողբերգությա­նը նախորդած իրավիճակը ներկայացրեց Թեհմինեն: Ըստ նրա՝ շտապօգնության կանչ ընդունել հրաժարվելուց առաջ իրեն չեն հարցրել, թե որքան ժամա­նակ առաջ է երեխան պատվաստվել: «Ես հանգստացա, երեխային ոչ մի դեղ չտվեցի: Իրիկունը սառը թրջոց դրեցի, լսել էի, որ այդպես ջերմությունն իջնում է: Առա­վոտյան 5-ին արդեն շատ էր վատ, զանգահարեցի շտապօգնություն, մինչև եկավ, երեխան ձեռքերիս մեջ ամսի 6-ի լուսադեմին մահացավ»,- ասաց մայրը: Թեհմինեի փոխանցմամբ, տարածքա­յին բժիշկը չի կարծում, որ իր աղջկա՝ Լե­նայի մահվան պատճառ դարձել է պատ­վաստանյութը. «Ասել էր՝ անատոմիկում ստուգել են, պարզել, որ շոգից է եղել: Երեխայի տաքությունը չի հերիքել, մա­հացել է: Ուզեցել է ասել, որ պատվաստումից չի, էլի: Բայց ես գիտեմ, որ պատվաստումից է: Մինչև այդ շոգ էր, երեխաս դի­մանում էր, հենց այդ պատվաստումն արեցին, չդիմացա՞վ»: Ընտանիքը բողոք է ներկայացրել իրավապահ մարմիններին: Հավելենք. որ Թեհմինեի ամուսինը նույն­պես, ըստ նրա մոր, կրում է պատվաստվելու հետևանքները: Մանուկ հասակում պատվաստում ստանալուց հետո մահացած երե­խայի ապագա հոր ոտքերը ծռվել են: ՀՀ առողջապահության նախարարու­թյան իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը մեր զրույցում անդրադառնալով 1.5 տարե­կան Լենայի մահվան դեպքին, ասաց, թե քանի որ գործի կապակցությամբ քրեա­կան վարույթ է սկսվել, բժշկական բոլոր փաստաթղթերն առգրավված են, հետև­աբար հնարավորություն չունի երեխայի հիվանդության պատմությանը ձեռքի տակ ունենալով հետևություններ ու եզրա­կացություններ անել: Այդուհանդերձ, Գայանե Սահակյանը խոսեց դասագրքային ճշմարտության մասին, այն է՝ պատվաստման հետևանքով բարդություններն առաջանում են շատ ավելի վաղ, քան եղել է մահացած փոքրիկի դեպքում­»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր