211652_close_icon
views-count7080 դիտում article-date 11:07 12-07-2017

Թուրքիայում կասկածում են, թե ԱՄՆ-ն փորձում է զրկել նրան արևի տակ տեղից. Ջեյմս Ջեֆրի. «Ամերիկայի ձայն»

Թուրքիան ցանկանում է նորմալ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է Թուրքիայի Արդարություն և Զարգացում իշխող կուսակցության նախագահի տեղակալ, խորհրդարանական Ռավզա Քավաքչի Քանը. Քանի կարծիքով, հարաբերությունների կարգավորման համար պետք է կարգավորվի նրա բնորոշմամբ երկու երկրների հարաբերությունների առավել ակնհայտ խնդիրը՝ Հայոց ցեղասպանության հարցը, որը Քանն, իր երկրի պաշտոնական դիրքորոշման համաձայն, չի ճանաչում. «Կարծում եմ, կարևոր է ավելի լավ հարաբերություններ կառուցել, եթե երկու կողմերը և միջազգային պատմաբանները միասին կարողանան կարգավորել այս հարցը, այն այլևս չի խոչընդոտի մեր հարաբերությունները և թույլ կտա մեզ ակտիվացնել համագործակցությունը մի շարք ոլորտներում»,- ասում է Քանը: Ավելի զգուշորեն է գնահատում մոտ ապագայում հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հեռանկարը Թուրքիայում և Իրաքում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջեյմս Ջեֆրին. «Հայ-թուրքական հարաբերությունները սառույցի հաստ շերտի տակ են, քանի որ Թուրքիան, որը բարդ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, Հայաստանը դիտարկում է որպես ռուսների և իրանցիների դաշնակից»,- ասում է Ջեյմս Ջեֆրին: Դիվանագետի խոսքով, 100 տարի առաջ Թուրքիայի նկատմամբ Վուդրո Վիլսոնի քաղաքականությունից ի վեր Թուրքիան Ամերիկային կասկածանքով է վերաբերվում. «Թուրքիայում գոյություն ունի հանրային մի զգացմունք, կասկած, թե Միացյալ Նահանգները անընդհատ փորձում է զրկել Թուրքիային արևի տակ իր օրինական տեղից»,- ասում է Ջեյմս Ջեֆրին:

Նմանատիպ նյութեր