211652_close_icon
views-count5266 դիտում article-date 10:56 11-07-2017

Քանի որ ես Ձեզ էի կասկածում իմ վերարկուն գողանալու մեջ, իմ մեջ Ձեր հանդեպ տհաճ նստվածք է մնացել. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Երբեք ժամանակ չեմ ունեցել հետևելու «Ոսկե ծիրան» փառատոնի ցուցադրություններին, բայց վստահ եմ, որ դա կարևոր մշակութային իրադարձություն է և ընդհանուր առմամբ Հայաստանին օգտակար է, որովհետև մեր երկրի պատիվը բարձր է պահում: Սակայն եթե հիմա հետևենք Ֆեյսբուքին, ապա կարող է տպավորություն ստեղծվել, թե «Ոսկե ծիրանում» և դրա շուրջ կատարվող միակ իրադարձությունը սեռական փոքրամասնությունների մասին ֆիլմ ցույց տալը կամ չտալն է: Այստեղ «հայու գենի» և ազգային-ազատագրական պայքարի կողմնակիցները պայքարի լուրջ ճակատ են տեսնում: Իսկ ԼԳԲՏ-ի չափից դուրս ակտիվ պաշտպանները առիթ են ման գալիս մեր հասարակությանն անհանդուրժողականության մեջ մեղադրելու և այդ հողի վրա որոշակի «հասարակական ակտիվիզմ» ծավալելու համար: Քանի որ` եթե ամեն ինչ լավ է, և սեռական փոքրամասնություններին Հայաստանում չեն ճնշում, ապա այդ անզիջում պայքարը ոչ մեկին, այդ թվում և եվրոպական կառույցներին պետք չի լինի: Այդ երկու ծայրահեղությունների արանքում կա մեր հասարակության մեծամասնությունը, որին այդ խնդիրն առանձնապես չի հետաքրքրում՝ դե, գուցե մի երկու ստատուս գրեն՝ «ազգային ոգով տոգորված», հետո կմոռանան: Դա էլ նյութ է՝ եվրոպական կառույցներին «տագնապալի զեկույցներ» գրելու համար: Անձամբ ես կողմ եմ փառատոնի շրջանակներում նախատեսված բոլոր ֆիլմերը ցույց տալուն՝ մինչդեռ կինոթատրոնների և մանավանդ հեռուստատեսության համար գործում են որոշակի օրինական սահմանափակումներ: Բայց այդ երկրորդական, անկարևոր, ոչ հրատապ խնդրի շուրջ բանավեճը խոսում է մեկ այլ՝ այս անգամ արդեն իսկապես մտահոգիչ միտումի մասին. Ֆեյսբուքը հասարակության վզին փորձում է փաթաթել այնպիսի օրակարգեր, որոնք հաճախ ստվերում են կարևոր կենսական խնդիրները: Ցույց կտան ինչ-որ մի ֆիլմ փառատոնի շրջանակներում, թե ցույց չեն տա՝ դրանով հաստատ պայմանավորված չեն մեր տնտեսության, անվտանգության, կրթության, անգամ մշակույթի և նույնիսկ բուն կինոյի խնդիրները: Մի քանի տասնյակ մարդ կարող է ցանկացած մանր թեմա մի քանի օրով դարձնել ֆեյսբուքի «հիթը», որից հետո թեման վերանում է ասպարեզից՝ ոչ մի հետք չթողնելով մարդկանց հոգիներում և սրտերում՝ բացի տհաճ արտահայտություններից, որոնք երկու «ճամբարների» ներկայացուցիչները թույլ տվեցին իրար հասցեի: Այն հին անեկդոտի նման՝ «ես իմ վերարկուն գտա, բայց քանի որ ես Ձեզ էի կասկածում իմ վերարկուն գողանալու մեջ, իմ մեջ Ձեր հանդեպ տհաճ նստվածք է մնացել»»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր