Այս տարվա առաջին եռամսյակում դեպի Հայաստան փոխանցվել է 240.2 մլն դոլար. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Դրամական փոխանցումները դեպի Հայաստանի Հանրապետություն 2017 թվականի հունվար-մարտին կազմել են 240.2 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 16%-ով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի 2017թ. հունվար-մարտ ամիսների վճարային հաշվեկշռի վերաբերյալ զեկույցից:
Նշենք, որ ըստ վճարային հաշվեկշռի մեթոդաբանության դրամական փոխանցումներն իրենցից ներկայացնում են աշխատողների զուտ վարձատրություն և տնային տնտեսությունների միջև դրամական և բնեղեն արտահայտությամբ տրանսֆերտներն ինչպես ընթացիկ, այնպես էլ՝ կապիտալ: Սեզոնային աշխատողների կողմից ստացված զուտ աշխատավարձը (առանց վճարված եկամտահարկի և արտերկրում կատարած այլ ծախսումների) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 10.1 մլն դոլարով՝ կազմելով 77.9 մլն դոլար:
Ինչ վերաբերում է ծառայություն մատուցող սեզոնային աշխատողների զուտ եկամուտներին, ապա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրանք աճել են 2 մլն դոլարով և կազմել 15.5 մլն դոլար (արտերկիր սեզոնային աշխատանքի մեկնողների մի մասի ստացած եկամուտը դասակարգվում է ոչ թե որպես աշխատավարձ, այլ որպես ծառայությունների արտահանում, քանի որ նրանց դեպքում չկան գործատու-աշխատող հարաբերություններ)»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]