Դաժան և ողբերգական ավտովթար Վայոց Ձորում. Մալիշկա գյուղում ճակատ-ճակատի բախվել են «Opel»-ն ու «Nissan»-ը. կա 2 զոհ, 6 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ հուլիսի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղ ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 131կմ հատվածում՝ Մալիշկա գյուղի վարչական տարածքում, բախվել են Վայք քաղաքի բնակիչ, 35-ամյա Արման Օհանյանի վարած «Օպել» մակնիշի 34 MP 546 համարանիշի և Երևանի բնակիչ, 30-ամյա Վիգեն Սեիզարյանի վարած «Nissan» մակնիշի 35 AF 204 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մահացել են, 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մի մասը Վայքի, մի մասը՝ Եղեգնաձորի բժշկական կենտրոններ:
Մահացածներին և վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները, քաղաքացիների օգնությամբ՝ մարզի փրկարարական վարչության պետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի և դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: 
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Հարությունյանի գլխավորութամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ): 
Տեղում աշխատել են նաև ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մանվել Դավթյանի գլխավորությամբ: 
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ օպերատիվ են գործել նաև բժիշկները: 
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի մեղավորը եղել է «Nissan» վարորդը, ով դեպի Մեղրի ընթանալիս դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի և ճակատային հատվածով բախվել Երևան ընթացող «Opel»-ին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                        
            


