211652_close_icon
views-count12500 դիտում article-date 10:47 29-06-2017

Մեր հասարակությունը տառապում է ինֆանտիլիզմով, տգիտությամբ և նիհիլիզմով. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Եթե ես գրեմ, որ Հայաստանում տիեզերանավակայան է կառուցվում, բոլորը կհասկանան, որ դա սուտ է, ոչ ոք նման վերնագրով հոդվածը չի բացի, չի տարածի, like չի տա: Որովհետև «դրական ստերին» ոչ ոք չի հավատում: Ավելին՝ չեն հավատում նաև «դրական ճշմարտություններին». հոդվածներն այն մասին, որ Հայաստանի IT ոլորտի մի շարք ընկերություններ ունեն միջազգային ճանաչում, շատ դիտումներ ու շատ like-եր չեն հավաքի: Բայց փորձեք գրել, որ Հայաստանում արգելվելու են աջ ղեկով մեքենաները, և կտեսնեք, թե ինչ «հրճվանք» դա կառաջացնի: Իհարկե, նաև մեկնաբանություններ՝ «հեսա սրանք վաբշե թույլ չեն տա, որ շնչենք», «վարչապետը աջ ռույլը ձախ ռույլի փոխելու ցեխ ա դրե», «հա, տոչնի ա՝ էն օրը բաջանաղիս հորեղբոր տղուն աջ ռույլի հմար պլաշադկա տարան»: Կամ լավագույն դեպքում՝ «եթե ժողովուրդը խոսում ա, ուրեմն մի բան կա»: Կամ՝ որ փողոցային տեսախցիկները ֆիքսում են մեքենայի մեջ հեռախոսով խոսող վարորդներին, ու դրա համար տուգանքներ են գալիս: «Հա, արդեն քավորիս հարևանին էդձև շտրաֆ ա եկե»: Կամ՝ որ օձը ծիրանի ծառից թռել է 17 տարեկան աղջկա ճակատին, խայթել է, և երեխան դրանից մահացել է: Կամ՝ որ ապրիլյան պատերազմի ժամանակ տանկերը դիզվառելիքի փոխարեն ջրով էին լիցքավորված: Կամ՝ որ Թալեաթն ազգությամբ հրեա էր: Մեր հասարակությունը ոչ միայն մեդիագրագետ չի, այն մեծ մասամբ տառապում է ինֆանտիլիզմով, տգիտությամբ և նիհիլիզմով, և այդ պայմաններում նրան հնարավոր է կերցնել ցանկացած «բացասական սուտ»: Երեկ տաքսու վարորդն ինձ վրա թափեց նման «տեղեկությունների» մի այնպիսի տարափ, որ ես 4-5-րդ պնդումից հետո պարզապես լռեցի: «Ռուսաստան սաղ զավոդները պետական են»՝ սուտ է, մաքուր պետական կապիտալով արդյունաբերական ձեռնարկությունները Ռուսաստանում կեսից քիչ են: «Ոչ մի տեղ կյանքն այնքան վատ չի, որքան Հայաստանում»՝ սուտ է, Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի մի քանի տասնյակ երկրներում կյանքի մակարդակն էապես ավելի ցածր է, քան Հայաստանում: «Բագրատյանը զավոդների սաղ հաստոցները ծախեց, փողը գրպանը դրեց, դարձավ միլիոնատեր»՝ սուտ է, արդյունաբերական ձեռնարկությունների սեփականաշնորհումը սկսվել է Բագրատյանից հետո: «Եթե կոմունիստները չլինեին, դաշնակները էս մի բուռ Հայաստանն էլ կտային թուրքերին»՝ ոչ միայն սուտ է, այլև պատմական փաստերի ճիշտ հակապատկերն է: «Հինգ սանտիմ գիծը տրորում եմ, վրես ակտ ա գալիս»՝ սուտ, որը շահարկում է նաև ընդդիմության մի մասը. իրականում երկու տարի առաջ օրենքը փոխվել է, և տուգանք է գալիս միայն երկու անիվով հոծ գիծն անցնելու դեպքում: Ես չեմ մեղադրում ուղեղը լվացված մարդկանց՝ նրանք, ի վերջո, զոհ են: Իրական պատճառն այն է, որ մենք, իմանալով ճշմարտությունը, շատ ենք ուզում դուր գալ այդ մակարդակի մարդկանց՝ մեծապես նպաստելով արդեն հիշատակած ինֆանտիլիզմին, տգիտությանը և նիհիլիզմին: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր