211652_close_icon
views-count3033 դիտում article-date 11:11 27-06-2017

Հույժ գաղտնի զեկույց՝ Ռուսաստանի հետախուզական գործունեության վերաբերյալ. «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է նախկին նախագահ Բարաք Օբամային անգործության մեջ: Washington Post թերթի օրերս հրապարակած հետաքննության համաձայն, Օբաման տեղեկացվել է ամերիկյան ընտրություններում Ռուսաստանի միջամտության մասին դեռևս 2016-ի ամռանը, սակայն, ըստ Թրամփի, ոչինչ չի արել: «Այսօր ես լսեցի, որ նախագահ Օբաման տեղյակ է եղել ռուսական միջամտության մասին ընտրություններից ամիսներ առաջ, սակայն, ոչինչ չի արել այդ կապակցությամբ», - նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները հետևեցին ամերիկյան Washington Post թերթի հետաքննությանը, որը պարզել է՝ դեռևս 2016 թվականի ամռանը Կենտրոնական հետախուզական վարչությունը հույժ գաղտնի զեկույցում տեղեկացրել էր նախագահ Բարաք Օբամային ռուսական միջամտության մասին: «Քաղաքական առումով, Ռուսաստանի միջամտությունը դարի խոշորագույն հանցանքն է՝ աննախադեպ և հիմնականում հաջողված ապակայունացնող հարձակում ամերիկյան ժողովրդավարության դեմ», - եզրակացնում է թերթը: Սակայն ինչո՞ւ Բարաք Օբաման այդ հանցանքի մասին չէր բարձրաձայնում, ոչ էլ կոշտ քայլեր ընդունում Ռուսաստանի դեմ: Դոնալդ Թրամփի համոզմամբ, պատճառը մեկն է՝ «Նախագահ Օբաման այդ մասին տեղեկանալուց հետո ոչինչ չի արել, քանի որ ակնկալում էր, որ հաղթանակ կտանի [Հիլարի] Քլինթոնը»: «Նա պետք է մի բան աներ այս ուղղությամբ»- ընդգծում է նախագահ Թրամփը: Washington Post-ի հաղորդմամբ, Բարաք Օբամայի զգուշությունը թելադրված է եղել մի շարք պատճառներով: Նախ` Կենտրոնական հետախուզական վարչության զեկույցն ամռանը չէին հաստատում Միացյալ Նահանգների մյուս 16 հատուկ ծառայությունները, քանի որ, ըստ հրապարակման, ռուսական միջամտությունը նախագահ Պուտինի կողմից արտոնելու մասին հետախուզական տվյալների տեխնիկական դրվագներ ստացվել էին երրորդ երկրից և վավերացվել էին ավելի ուշ: Սակայն նույնիսկ 2016-ի սեպտեմբերին, երբ ԱՄՆ-ի հետախուզական ամբողջ հանրությունը համաձայնեց, որ բավարար տվյալներ են հավաքված, որոնք ապացուցում են Վլադիմիր Պուտինի հրամանով ռուսական միջամտությունն ամերիկյան ընտրական գործընթացներին, Բարաք Օբաման միևնույն է, հրաժարվում էր պաշտոնական հայտարարություն անել: Պատճառը՝ Օբաման անհանգստացած էր, որ նման հայտարարությամբ կարող էր վնասել ընտրական գործընթացներին, որոնք 2016-ի աշնանը դեռևս թեկնածու Դոնալդ Թրամփն արդեն իսկ կեղծված էր անվանում. «Սա կեղծ համակարգ է, կեղծիք է ամբողջը»: Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը ճանաչում է Ռուսաստանի միջամտության փաստը և հանրության ուշադրությունը հրավիրում Բարաք Օբամայի անգործության վրա. «Իրական խնդիրն այն է, որ Նախագահ Օբաման ոչինչ չի արել, չնայած նրան միջամտության մասին տեղեկացրել էին դեռևս օգոստոսին»: Օբամայի լռությունը սակայն արդյունքում վնաս է հասցրել ամերիկյան ժողովրդավարությանը, համոզված են ինչպես հանրապետականները, այդպես էլ դեմոկրատները. «Ինչպե՞ս նա կարող էր չբացահայտել նման կարևոր տեղեկատվություն ռուսական հաքերային հարձակման վերաբերյալ»,- նշում է Դոնալդ Թրամփի խորհրդական Քելիեն Քոնուեյը: «Նա պետք է դիմեր ամերիկյան ժողովրդին և ասեր՝ ահա թե ինչ է անում Ռուսաստանը: Ռուսաստանը պետք է կանգ առնի»,- ընդգծել է Դեմոկրատական կուսակցության ազդեցիկ կոնգրեսական Ադամ Շիֆը: Ավելին, Բարաք Օբաման Ռուսաստանի դեմ առցանց միջամտության կապակցությամբ ընդունել է միայն նեղ և խորհրդանշական պատժամիջոցներ, թողնելով նախագահ Դոնալդ Թրամփի համար մանևրելու լայն դաշտ: Դաշտ, որը ամերիկյան Կոնգրեսի երկու պալատները պատրաստվում են նեղացնել՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին տալով օրենքի ուժ: Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/3917104.html]«Ամերիկայի ձայն»[/url]:

Նմանատիպ նյութեր