Դանիել Իոաննիսյանը տուժող է ճանաչվել. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանն իր անձնական և ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկությունները տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում տուժող է ճանաչվել: Այս մասին մեր զրույցում ասաց Իոաննիսյանը՝ հավելելով, որ հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է:
Նշենք, որ այս գործի շրջանակներում դեռևս ո՛չ կասկածյալ կա, ո՛չ մեղադրյալ:
Հիշեցնենք, որ 2017թ. ապրիլի 2- ի ՀՀ Ազգային ժողովի նախընտրական քարոզչության ընթացքում ՀՀԿ օգտին վարչական ռեսուրսների կազմակերպված և լայնածավալ չարաշահումների վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հրապարակված ուսումնասիրություններից երկու օր անց «Իրավունք» թերթում հրապարակվեց այդ կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի ընտանիքին և անձնական կյանքին վերաբերող տվյալներ:
Վերջինս մեր զրույցում ասել էր, որ գործը ոչ թե ՀՀ քննչական կոմիտեն պետք է քննի, այլ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը. պատճառաբանությունը սա էր. «Նման անձնական տեղեկությունները պաշտոնատար անձինք են փոխանցել «Իրավունքին», հետևաբար այս գործով մեղադրյալ պետք է հանդիսանան պետական պաշտոնատար անձինք ոստիկանության կամ ՔԿ կոնկրետ ծառայողներ: Հենց այս պատճառաբանությամբ էլ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն գործը պետք է քննվի ՀՀ հատուկ քննչական ծառայությունում»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]