211652_close_icon
views-count3159 դիտում article-date 16:30 21-06-2017

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարն ընդունել է ԳԴՀ Հյուսիս-Հռենոսյան Վեստֆալիայի արհմիությունների միավորման պատվիրակությանը

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն այսօր ընդունել է ԳԴՀ Հյուսիս-Հռենոսյան Վեստֆալիա երկրամասի արհմիությունների միավորման երիտասարդական թևի ղեկավար Էրիկ Շլեյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Հասմիկ Ջհանգիրյանը, ոլորտի այլ ներկայացուցիչներ: Ողջունելով հյուրերին` Ռոբերտ Մակարյանը կարևորել է արհմիությունների դերը աշխատողների իրավունքների պաշտպանության գործում: «Ուժեղ արհեստակցական միությունը թույլ է տալիս վեր հանել առկա խնդիրները, բարելավել աշխատողների աշխատանքային պայմանները: Մենք նույնպես մեծ ուշադրություն ենք դարձնում արհմիությունների զարգացմանը` նրանց հետ սերտ համագործակցելով և համատեղ ծրագրեր իրականացնելով», - նշել է Ռոբերտ Մակարյանը: Պատվիրակության ղեկավար Էրիկ Շլեյն իր հերթին հանգամանորեն ներկայացրել է Գերմանիայում արհմիությունների իրավական կարգավիճակն ու գործունեության կազմակերպման հիմնական սկզբունքները, ինչպես նաև արհեստակցական միությունների արդի մարտահրավերները: Այնուհետև կողմերը քննարկել են Հայաստանում և Գերմանիայում արհմիությունների գործունեությանն առնչվող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ոլորտում գործող օրենսդրությանը, դեպի գյուղատնտեսության ոլորտ երիտասարդ կադրերի ներհոսքի ապահովմանը, ֆինանսավորման աղբյուրների ներգրավմանը և այլ հարցերի, տեղեկատվություն փոխանակվել գյուղատնտեսության բնագավառում ինքնազբաղ աշխատողների խնդիրների վերաբերյալ: Կարևոր խնդիրների թվում մատնանշելով մասնագիտական կրթության որակի բարձրացման անհրաժեշտությանը` փոխնախարար Ռոբերտ Մակարյանը միաժամանակ հավելել է, որ ագրարային ոլորտի մի շարք ուղղությունների, մասնավորապես գինեգործության, ջերմոցային տնտեսությունների և պահածոյագործության ոլորտների զարգացմանը զուգահեռ աստիճանաբար նկատվում է այդ ճյուղերի նկատմամբ հետաքրքրության աճ երիտասարդների շրջանում: Ագրոաշխատողների արհմիության նախագահ Հասմիկ Ջհանգիրյանը նշել է, որ ներկայում Հայաստանում քայլեր են ձեռնարկվում գյուղոլորտի ներկայացուցիչներին ըստ ճյուղերի միավորելու ուղղությամբ` ծառացած խնդիրների լուծումն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով:

Նմանատիպ նյութեր