1850 դիտում
13:32 16-06-2017
ՀԵՀ կամավորական խմբերը կներգրավվեն «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի քարոզչական աշխատանքներում
Հունիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի շուրջ կազմակերպվող հանրային քննարկումների շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում երիտասարդական կազմակերպությունների, ՀԵՀ մարզային երիտասարդական կենտրոնների ներկայացուցիչների հետ:
ՀՀ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը նախ ներկայացրեց ՀՀ Զինված ուժերի համալրման նոր ծրագրերի պայմանները, մանրամասներն ու առանձնահատկությունները:
Նախարարը ևս մեկ անգամ շեշտեց, որ առաջարկվող զինվորական ծառայության նոր տեսակները չեն ենթադրում նախկին ձևի վերացում կամ պարտադիր զինվորական ծառայության ժամկետի փոփոխություն: Պաշտպանության նախարարությունը ընտրության հնարավորություն է տալիս այն երիտասարդներին, ովքեր զորակոչվելու են ազգային բանակ: Երկու ծրագրերի մասնակից դառնալու դեպքում էլ պետությունը բանակ զորակոչված երիտասարդներին հատկացնելու է ֆինանսական ու սոցիալական փոխհատուցման շոշափելի փաթեթ:
Հանդիպման մասնակիցները բարձրացրին մի շարք հարցեր, ինչպիսիք են ծրագրերով նախատեսվող զինծառայողին տրվող դրամական միջոցների օգտագործման ոլորտների ընտրությունը, զինծառայողին հատկացվելիք արձակուրդի տևողության ընտրության տրամաբանությունը, սփյուռքի երիտասարդների ներգրավվածության հնարավորությունը:
ՀԵՀ ծրագրերի իրականացման ծառայության ղեկավար Արուսյակ Պողոսյանը կարևորեց ծրագրերի մասին անհրաժեշտ տեղեկատվության փոխանցումը հասարակությանը, քարոզչական խմբերի աշխատանքը: Այնուհետև առաջարկեց ՀԵՀ մարզային կենտրոնների և կամավորական խմբերի աջակցությունը. «Մենք ունենք նման փորձ: Մեր մարզային համակարգողները պարբերաբար նման հանդիպումներ կազմակերպել են, և կարող ենք արձանագրել, որ տասնյակ երիտասարդներ այդ հանդիպումների արդյունքում կողմնորոշվել են դեպի ռազմական կրթություն»:
Վիգեն Սարգսյանն օգտակար համարեց ծրագրերի ներկայացման հաջորդ փուլերին համագործակցությունը ՀԵՀ-ի կամավորական խմբերի հետ: Հանդիպման ավարտին նախարարը հայտնեց, թե պատրաստ են քննարկել նաև երիտասարդական կազմակերպությունների առաջարկները:
Նմանատիպ նյութեր
1423 դիտում
18:00 14-04-2014
Իսակով-Լենինգրադյան ավտոճանապարհի կանաչապատման աշխատանքներում կներգրավվեն բոլոր վարչական շրջանները
1769 դիտում
16:43 23-02-2017
Պրոբացիայի ծառայության աշխատանքներում կամավորներ կներգրավվեն
Այս բաժնից
859 դիտում
20:08 23-01-2025
ՔԿՀ-ներում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է․ ՄԻՊ
526 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
703 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը