8619 դիտում
13:55 10-06-2017
Վերաբացվել է Կասյան փողոցին հարող հրապարակում գտնվող գյուղատնտեսական տոնավաճառը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն այսօր մասնակցել են Կասյան փողոցին հարող հրապարակում գտնվող գյուղատնտեսական տոնավաճառի վերաբացման արարողությանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարը՝ Երևանի քաղաքապետի տեղակալի ուղեկցությամբ շրջել է տոնավաճառում, գնումներ կատարել, զրուցել գյուղացիների և գնորդների հետ:
«Կարևորն այն է, որ գյուղատնտեսական տոնավաճառն այս տարի ևս վերաբացվեց: Մաշտոցի պողոտային հարակից տարածքում ևս նախատեսվում է վերաբացել գյուղատնտեսական տոնավաճառը՝ համապատասխան պահանջարկի դեպքում»,- նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարը, անդրադառնալով տոնավաճառում իրացվող գյուղմթերքի գներին, նշել է, որ միշտ շուկան է ձևավորում գինը, և այս գյուղատնտեսական տոնավաճառը հարմար է թե գյուղացու, թե քաղաքացու համար նրանով, որ սակարկելու հնարավորություն կա:
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն էլ հիշեցրել է, որ երբ բացօթյա առևտուրը կանոնակարգելու ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկվեցին, մտավախություն կար, որ դրանից կարող են տուժել նաև գյուղացիները: Սակայն նման անցանկալի զարգացում տեղի չի ունեցել, քանի որ անմիջապես հետևել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականը` մայրաքաղաքի վարչական շրջաններում երեք տասնյակից ավելի գյուղատնտեսական փոքր շուկաներ բացելու վերաբերյալ: Փոխքաղաքապետը նաև նշել է, որ անհրաժեշտության դեպքում գյուղմթերքի տոնավաճառների համար կտրամադրվեն նոր տարածքներ, իսկ Գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցությունը կլինի շարունակական:
Տոնավաճառին, որը կկազմակերպվի յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին, մասնակցում են հանրապետության տարբեր մարզերի շուրջ 125 գյուղացիական տնտեսություններ, որոնք սպառողներին ներկայացնում են բացառապես սեփական արտադրանքը:
ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ 2011 թվականից կազմակերպվող այս տոնավաճառների համար մասնակցության պայմաններն անփոփոխ են: Մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից տրված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը:
Առևտրային միջնորդների մասնակցությունը տոնավաճառին բացառելու նպատակով կազմակերպիչների կողմից տեղում իրականացվում է վերահսկողություն:
Տոնավաճառի մասնակիցներին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն անվճար տրամադրել է հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ ու սայլակներ: Երևանի քաղաքապետարանն աջակցել է տարածքի տրամադրման հարցում և յուրաքանչյուր տոնավաճառի օրվա ավարտին իրականացնելու է տարածքի մաքրման աշխատանքներ: Տոնավաճառի տարածքում հասարակական կարգը և երթևեկությունը կարգավորում է ՀՀ ոստիկանությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
2031 դիտում
13:57 13-06-2015
Պաշտոնապես վերաբացվեց Կասյան փողոցին հարող հրապարակում գտնվող գյուղատնտեսական տոնավաճառը. լուսանկարներ
1548 դիտում
13:42 08-06-2014
Կասյան փողոցին հարող հրապարակում վերաբացվեց գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը
1387 դիտում
13:25 02-08-2014
Երևանում վերաբացվել է գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը
Այս բաժնից
1087 դիտում
15:49 25-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր (տեսանյութ)
1393 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ