211652_close_icon
views-count2609 դիտում article-date 19:51 09-06-2017

Ձերբակալվել է կաշառք ստանալու մեջ կասկածվող պաշտոնյան և կալանավորվել կաշառքի միջնորդություն կատարած անձը

Պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու, ինչպես նաև կաշառք տալու և կաշառքի միջնորդություն կատարելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կատարված քննչական-դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են կաշառքի դիմաց քաղաքացուն ակնհայտ կեղծ վարորդական իրավունքի վկայական տրամադրելու փաստեր: Այսպես, ՀՀ ազգային անվտանգության ծառայության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից կատարված քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Զ. Ա.-ն վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու նպատակով դիմել է իր ծանոթ Ն. Ե.-ին, ով առաջարկել է ոստիկանության պաշտոնատար անձանց կաշառք տալու միջոցով կազմակերպել հիշյալ վկայականի ստացումը: Զ. Ա.-ն այդ մասին հաղորդում է տվել ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, որից հետո կազմակերպված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում վերջինս կաշառքի գումարը Ն. Ե.-ի միջոցով փոխանցել է ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության Աշտարակի հաշվառման-քննական բաժնի աշխատակիցներին: Համաձայն քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների, հիշյալ բաժնի տեսուչ Ա. Գ.-ն, խախտելով սահմանված կարգը, առանց գործնական քննություն անցկացնելու, Զ. Ա.-ին գնահատել է դրական և կազմել կեղծ փաստաթուղթ, որի հետևանքով ավտոմեքենա վարելու հմտություններին չտիրապետող քաղաքացին վարորդական իրավունքի վկայական է ստացել: Աշտարակի հաշվառման-քննական բաժնի տեսուչ Ա. Գ.-ն ձերբակալվել է: Բացի այդ, նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ն. Ե.-ի միջնորդությամբ մի շարք այլ քաղաքացիներ ևս կաշառքներ են տվել պաշտոնատար անձանց` վարորդական իրավունքի վկայականներ ձեռք բերելու համար: Կաշառքի միջնորդության համար Ն. Ե.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինս կալանավորվել է: ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 1-ին մասով, 313-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր