2009 դիտում
20:49 08-06-2017
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի պաշտոնական հանդիպումներ է ունեցել Արգենտինայում
Մայիսի 29-ից հունիսի 2-ը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը աշխատանքային այցով գտնվում էր Արգենտինայում, որի շրջանակներում ունեցել է մի շարք պաշտոնական հանդիպումներ: Հունիսի 2-ին նախարարը հանդիպել է Արգենտինայի Հանրապետության Մարդու իրավունքների և մշակութային բազմազանության պետական քարտուղար Կլաուդիո Ավրուխի հետ:
Բարձր գնահատելով Արգենտինայի իշխանությունների կողմից մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում ստանձնած առաջամարտիկի դերը՝ Նախարար Հրանուշ Հակոբյանը հանգամանալից ներկայացրել է Հայաստանում հաստատված սիրիահայերի ինտեգրման ուղղությամբ Հայաստանի իշխանությունների կողմից կատարված աշխատանքները, անդրադարձել է այդ նպատակով կրթության, առողջապահության, մշակույթի և այլ ոլորտներում իրականացվող ծրագրերին ու ձեռնարկներին:
Կլաուդիո Ավրուխը կարևորել է Արգենտինայի զարգացման գործում հայ համայնքի դերակատարությունը և բոլոր բնագավառներում կատարած ներդրումները: Նա տեղեկացրել է նաև, որ առաջին անգամ Թուրքիայիում վերջերս տեղի ունեցած զարգացումների հետևանքով Արգենտինա են գաղթել 7 ընտանիք, որոնք հալածվել են գյուլենական շարժմանը հարելու պատճառով:
Հանդիպման վերջում Արգենտինայի Մարդու իրավունքների և մշակութային բազմազանության պետական քարտուղարը երկրի կառավարության անունից հայտնել է արգենտինական կողմը հանձնառություն է ստանձնել՝ Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններում հավատարիմ մնալ մարդու իրավունքներին և Հայոց ցեղասպանությանն առնչվող հարցերում որդեգրած իրենց դիրքորոշումներին:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպում է ունեցել Արգենտինա-Հայաստան բարեկամության խմբի հետ: Ի թիվս այլ հարցերի քննարկվել է Ղարաբաղի հիմնախնդիրը: Պատգամավոր Բրենդա Օսթինը ներկայացրել է ԼՂ սահմանադրական հանրաքվեին մասնակցելու նպատակով Արցախ կատարած իր այցի մանրամասները և կարևորել է հիմնախնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:
Շնորհակալություն հայտնելով Արգենտինա-Հայաստան բարեկամության խմբին Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող ասպարեզներում ունեցած ներդրման համար՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը գտնվում է մարդու իրավունքների հարթությունում և որ Արցախի ժողովուրդն իրավունք ունի ապրել իր պատմական հողում:
Հունիսի 1-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մեկօրյա այցով մեկնել է Կորդոբա, որտեղ հանդիպում է ունեցել Կորդոբայի վարչապետ Խուան Կարլոս Մասսեիի և քաղաքապետ Ռամոն Խավիեր Մեստրեի հետ: Երկու հանդիպումների ընթացքում էլ զրուցակիցներն արժևորել են հայ համայնքի դերը, ընդգծել, որ մինչև Արգենտինայի Հանրապետության օրենսդիր մարմնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքի ընդունումը, Կորդոբայի քաղաքային իշխանությունների կողմից արդեն իսկ ընդունվել էր Ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ որոշումը:
Նշելով, որ երկու երկրների միջև առկա երկխոսության բարձր մակարդակը թույլ է տալիս ավելի ընդլայնել ու զարգացնել տնտեսական կապերը՝ ՀՀ սփյուռքի նախարարը ներկայացրել է Հայաստանի ներդրումային դաշտի առանձնահատկությունները, մրցակցային առավելությունները, գրավչությունն ու նպաստավոր պայմանները և կոչ է արել առավել սերտ կապեր հաստատել հայ գործարարների հետ:
Արգենտինա կատարած իր այցի ընթացքում ՀՀ սփյուռքի նախարարն այցելել է հայ համայնքային կառույցներ և կրթօջախներ՝ ներկայացնելով Սփյուռքի նախարարության ծրագրերն ու արձանագրած հաջողությունները: Հանդիպումների արդյունքում Արգենտինայի հայ ուսուցիչների նախկինում գործած միությունը վերսկսել է իր գործունեությունը և նախագահությունը առաջինը ստանձնել է ՀԲԸՄ Մարի Մանուկյան կրթահամալիրի ուսուցիչ Ա. Աշչյանը:
Նմանատիպ նյութեր
1491 դիտում
21:08 05-04-2014
Տեղի է ունեցել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հանդիպումը Բրյուսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Այս բաժնից
1390 դիտում
20:49 27-12-2024
Վարչապետի որոշմամբ նշանակումներ և վերանշանակումներ են կատարվել ՊԵԿ ղեկավար կազմում
943 դիտում
20:37 27-12-2024
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ մեղադրանքը փոխվել է
475 դիտում
20:15 27-12-2024
Ամփոփվել է վարչական դատավարության էլեկտրոնային համակարգի վերապատրաստումների 1-ին փուլը