Մենք իրագործում ենք ծխողի առողջ ապրելակերպի իրավունքը. Լևոն Ալթունյան
Մենք փորձում ենք 5-7 տարվա ընթացքում ծխողների քանակը պակասեցնել 30 տոկոսով: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
Նախարարի խոսքով՝ հանրային վայրերում ծխելն արգելելու մասին օրենսդրությունը չի գործում:
«Հանրային վայրերում արդեն իսկ 2004 թ.-ից ծխելն արգելվում է, այլ բան, որ օրենքը չի գործում: Պետք է նշել, որ որոշ հանրային սննդի վայրերում կան ծխողների և չծխողների համար նախատեսված սրահներ, սակայն նրանց միջև սահմանագիծը պայմանական է, և ծուխն ազդում է բոլորի վրա»,- նշեց նա:
Հարցին, թե չի՞ կարծում, որ այս օրենքով ոտնահարվում է ծխողի իրավունքը, առողջապահության նախարարը պատասխանեց. «Ծխողի իրավունքը ոչ մեկ չի ոտնահարում: Ես կասեի ընդհակառակը՝ մենք իրագործում ենք ծխողի առողջ ապրելակերպի իրավունքը: Սահմանափակում ենք իր հնարավորությունները՝ փչացնելու իր առողջությունը, և ամենագլխավորը՝ սահմանափակում ենք իր ծխելու հետևանքով աճող սերնդին վատ օրինակ ցուցաբերելը»: