211652_close_icon
views-count7847 դիտում article-date 14:47 06-06-2017

Խաչատրյանական մրցույթի մասնակիցները, ժյուրիի անդամները պանթեոնում հարգանքի տուրք մատուցեցին կոմպոզիտորի հիշատակին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Հունիսի 6-ն Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է։ Այդ օրը Երևանում մեկնարկում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը։ Հունիսի 6-ի առավոտյան, ավանդույթի համաձայն, միջազգային մրցույթի մասնակիցները, ժյուրիի անդամները, հյուրերն ու կազմակերպիչները այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու մեծ մաեստրոյի հիշատակին։ Ներկաները ծաղիկներ խոնարհեցին կոմպոզիտորի շիրմաքարին։ Աշխարհահռչակ կոմպոզիտորի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու էին եկել նաև բազմաթիվ արվեստասերներ, երաժշտագետներ, պատանիներ և երիտասարդներ։ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը շեշտեց այն հանգամանքը, որ հենց այսօր՝ մեծ կոմպոզիտորի ծննդյան օրը, մեկնարկում է երաժշտական մեծ տոնը՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը, որը համախմբում է բոլորին՝ թե՜ երաժիշտներին, թե՜ երաժշտասերների. այն մարդկանց, ովքեր վայելում են Արամ Խաչատրյանի ժառանգությունը, կախարդական հնչյունները։ Խաչատրյանի մրցույթի ժյուրիի նախագահ, դիրիժոր Կոստանտին Օրբելյանը հպարտությամբ նշեց, որ Խաչատրյանի մրցույթի մասնակիցներն ու ժյուրիի անդամներն իրենց օրը սկսում են պանթեոնում։ Նա շեշտեց, որ Խաչատրյանը ամենահայտնի հայ կոմպոզիտորն է, և ամեն րոպե աշխարհում ինչ-որ մի տեղ հնչում է նրա գործերից։ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը շեշտեց, որ Խաչատրյանն իր արվեստով իրար է շաղկապել Արևելքն ու Արևմուտքը։ Եվ այսօր մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում համաշխարհային ճանաչում ունեցող հայորդուն։ Պանթեոնից հետո Խաչատրյանի մրցույթի ժյուրիի անդամները, հյուրերն ու մասնակիցներն այցելեցին Կոմիտասի թանգարան-ինստիտուտ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր