Նախորդ տարիների հետ համեմատած, պատերազմի բռնկման վտանգն ավելի մեծ է. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանն armtimes.com-ին տված հարցազրույցում անդրադառնում է «Միջազգային ճգնաժամային խումբ» անկախ կազմակերպության երեկ հրապարակած զեկույցին, որտեղ Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման վտանգը մեծ էր համարվել:
[b]Պարոն Բադասյան, «Միջազգային ճգնաժամային խմբի» հրապարակած զեկույցի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղն ավելի քան երբևէ, մոտ է պատերազմի բռնկմանը: Հիմնական փաստարկն այն է, որ երկու կողմերն էլ էսկալացիայի են գնում, ինչպես նաև այն, որ ողբերգական ելք ունեցող միջադեպերը 2017 թվականի սկզբից չեն դադարում: Այս հեռանկարն իրատեսակա՞ն է:[/b]
Ես կարծում եմ՝ չի բացառվում թե´ մեկը, թե´ մյուսը, բայց այն, որ համեմատած նախորդ տարիների հետ, հիմա պատերազմի բռնկման վտանգն ավելի մեծ է, դրանում ոչ մի խոսք, որովհետև Ադրբեջանն ունի այստեղ կառուցած քաղաքական հենք: Դա նա է, որ ինքը ներքին լսարանում, իր ժողովրդի մեջ կարողանա պահպանի իր դիկտատուրան և տնտեսական լծակները, այսինքն՝ Ալիևի կլանը, որպեսզի կարողանա պահպանի ընտանեկան կլանը: 20 տարուց ավելի է այն հյուսվածքն են հյուսել ժողովրդի մեջ, որ շուտով «մենք պետք է հետ վերցնենք մեր հողերը, եթե ոչ, ապա պետք է պատերազմ սկսվի»: Հողերը չեն վերցրել դիվանագիտական ճանապարհով, հիմա, ըստ իրենց, պետք է Արցախը ետ վերցնեն և դա ուզում են անել պատերազմի ճանապարհով, որի առջև իրենք կանգնելու ոչինչ չունեն, ոչինչ իրենց չի պահում: Նրանք կարող է միայն պատերազմից ետ պահել տնտեսական վիճակն ու այլ գործոններ, բայց նրանք հասել են դրան:
Պատերազմի չվերսկսման քայլը Հայաստանի ձեռքում է, կարելի է ասել Հայաստանի իշխանությունների ձեռքում է, ոչ թե Ադրբեջանի ձեռքում: Եթե այսօր Հայաստանի իշխանությունները մտադրություն ունենան բանակը հզորացնելու, բանակը զինելու, երկրի տնտեսական համակարգը հզորացնելու մտադրություն, ապա Ադրբեջանը ոչ մի ոտնձգություն չի փորձի կատարել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]