211652_close_icon
views-count1428 դիտում article-date 17:14 29-05-2017

Հանձնարարվել է խստորեն վերահսկել տնտեսվարողների կողմից պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման գործընթացը

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մասնավոր տնտեսվարողների մասնակցությամբ մայրաքաղաքի զբոսայգիներում և ընդհանուր օգտագործման բոլոր տարածքներում լրացուցիչ աշխատուժի ներգրավմամբ շարունակվում են մաքրման, ծաղկապատման և խոտհնձի աշխատանքները: Հանձնարարելով ակտիվացնել աշխատանքները` քաղաքապետն անդրադարձել է նաև այգիներում վարձակալների կողմից հարակից ընդհանուր օգտագործման տարածքների կանաչապատման և բարեկարգման պայմանագրային պարտավորությունների կատարմանը: «Ամենօրյա աշխատանք տարեք տնտեսվարողների հետ, որպեսզի ապահովեն հարակից տարածքների բարեկարգումն ու կանաչապատումը: Յուրաքանչյուր տնտեսվարող պարտավոր է մշտապես բարեկարգ, կանաչապատ և խնամված պահել իր կողմից օգտագործվող տարածքի հարակից հատվածները: Սա պայմանագրային պարտավորություն է, որը բոլորի կողմից ենթակա է պարտադիր կատարման: Բոլոր այն վարձակալները, ովքեր չեն կատարի պայմանագրային պարտավորությունները, օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության, ընդհուպ մինչև պայմանագրերի վերանայում կամ դադարեցում», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել նաև մայրաքաղաքի մուտքերի պատշաճ կանաչապատման և ծաղկապատման գործընթացը՝ ապահովելով դրանց հետևողական խնամքը:

Նմանատիպ նյութեր