Մանչեսթրի ոստիկանությունը ահաբեկչության 16-րդ կասկածյալին է ձերբակալել
Մանչեսթրում Արիանա Գրանդեի մենահամերգից հետո տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի հետաքննության շրջանակներում ոստիկանությունը ձերբակալել է հերթական՝ 16-րդ կասկածյալին։ Այդ մասին Մանչեսթրի ոստիկանությունը հայտնել է Twitter-ի իր էջում, փոխանցում է Ria Novosti-ն։
«Այսօր Սուսսեկսի Շորհամ-բա-Սի քաղաքում ձերբակալվել է 23-ամյա մի տղամարդ»,-ասված է հայտարարության մեջ։
Ներկա պահին հետագա հարցաքննման համար մեկուսարանում գտնվում են 16 կասկածյալներից 14-ը։ Նրանցից 2-ն ազատ են արձակվել։
Հիշեցնենք, որ մայիսի 22-ին «Մանչեսթր Արենա» համալիրում մահապարտ-ահաբեկիչ Սալման Աբեդին համերգից հետո գործի էր դրել ինքնաշեն պայթուցիկ սարքը, ինչի հետևանքով զոհվել էր 22 մարդ, այդ թվում՝ 12 երեխա։ Ներկա պահին հիվանդանոցներում կա 50-ից ավելի տուժած։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ը։