211652_close_icon

Հայաստանցի երաժիշտները կմասնակցեն «Երջանկություն» միջազգային մանկական փառատոնի մրցանակաբաշխությանն ու գալա համերգին

views-count6778 դիտում article-date 22:13 18-05-2017
Մայիսի 30-ին Մոսկվայում` Կրեմլի պետական պալատում կկայանա «Երջանկություն» միջազգային մանկական փառատոնի մրցանակաբաշխության արարողությունն ու գալա համերգը: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանից փառատոնին կմասնակցեն Ա. Սպենդիարյանի անվան մասնագիտական երաժշտական դպրոցի աշակերտուհի Մերի Մուսինյանը /քանոն/, Աշտարակի Ա. Այվազյանի անվան երաժշտական դպրոցի աշակերտ Ալբերտ Անդրեասյանը /երգեցողություն/ և Երևանի Պ. Չայկովսկու անվան մասնագիտական երաժշտական միջնակարգ դպրոցի աշակերտ Գևորգ Ստեփանյանը /դուդուկ/։ Մեր շնորհալի պատվիրակները ելույթ կունենան ՀՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի հետ: Հայաստանցի մասնակիցներին տարազներ տրամադրել է Տերյան մշակութային կենտրոնը: «Երջանկություն» միջազգային մանկական երաժշտական փառատոնի նպատակն է ուշադրության կենտրոնում պահել գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության հարցերը, ինչպես նաև նպաստել մշակութային միջազգային համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը: Փառատոնի հեղինակն ու ղեկավարը «Պատանի արտիստ» պրոդյուսերական կենտրոնի տնօրեն Մերինե Մելիքյանն է: Փառատոնի կարևորագույն իրադարձությունը «Երջանկություն» երաժշտական ներկայացման բեմադրությունն է, որի նորարարական ձևաչափը հնարավորություն կընձեռի մեկ ներկայացման մեջ միավորել կախարդական հեքիաթի ժանրը՝ մոլորակի տարբեր ժողովուրդների երաժշտական ու մշակութային ավանդույթների ցուցադրությունով։ «Երջանկություն» ներկայացման մեջ ընդգրկված են Վրաստանի և Ռուսաստանի ժողովրդական արտիստ Թամարա Գվերդցիտելին /Երգի Թագուհի/, «Ժողովրդական արտիստ» մրցույթի հաղթող Ալեքսեյ Գոմանը /Փոքրիկ արքայազն/, «Ունիվեր» սերիալի հանրահայտ աստղ Ալեքսեյ Լեմարը /Հեքիաթասաց/, ինչպես նաև «Երջանկություն» մանկական միջազգային փառատոնի հաղթողները:

Նմանատիպ նյութեր