211652_close_icon
views-count1619 դիտում article-date 14:44 14-05-2017

ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումները

2017թ. ապրիլի 2-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների հրապարակումների, քաղաքացիների հաղորդումների և ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ստացված ահազանգերի (այսուհետ՝ հաղորդումներ) գրանցման, հաշվառման, ուսումնասիրման, ըստ ենթակայության ուղարկելու, այդ հաղորդումների քննարկման և դրանց հիման վրա նախապատրաստվող նյութերի և հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու և այդ ոլորտում Հայաստանի Հանրապետության դատախազության գործունեությունը համակարգելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունում ձևավորված աշխատանքային խումբը իր գործունեությունը շարունակում է նաև Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ: Աշխատանքային խումբը մշտադիտարկում է իրականացրել Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության ողջ ժամանակահատվածում, քվեարկության նախորդ օրը ու այն շարունակվում է քվեարկության օրը և ուսումնասիրել է ընտրական իրավախախտումների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների՝ հասանելի բոլոր հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ստացված ահազանգերը (այսուհետ՝ հաղորդում): Ինչպես ընտրությունների նախապատրաստման, այնպես էլ քվեարկության օրվա ընթացքում ժամը 12.00-ի դրությամբ հրապարակված ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների ուսումնասիրությունը վկայում է, որ դրանց ճնշող մեծամասնությունը կրել են ընդհանուր, վերացական բնույթ կամ վերաբերել են նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտումներին, քվեարկության կազմակերպմանը վերաբերող տեխնիկական բնույթի խնդիրներին՝ քվեարկության սենյակների կահավորմանը, տեխնիկական սարքավորումների գործարկմանը, կուտակումների առաջացմանը, տեսանկարահանող սարքերի խափանմանը, չհրկիզվող պահարանների՝ տեսախցիկի տեսադաշտում չգտնվելուն, տեղամասային հանձնաժողովների աշխատակարգային խախտումներին կամ անորոշ ձևակերպումներ են պարունակել: Աշխատանքային խումբը, ընտրախախտումներին առնչվող յուրաքանչյուր որոշակի հաղորդում պատշաճ ստուգելու, այդպիսի դեպքերը խափանելու, հանցանք կատարած անձի պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու գերխնդիր ունենալով, ուսումնասիրված հաղորդումներց, առանձնացրել է միայն զուտ իրենց բովանդակային նկարագրությամբ, առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող հաղորդումները: Այսպես՝ մինչև քվեարկության նախորդ օրը ուսումնասիրված հաղորդումներից աշխատանքային խումբը առանձնացրել է առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող 9 հաղորդումներ, որոնցից՝ 5-ը վերաբերել են առերևույթ ընտրակաշառք տալուն 3-ը՝ քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընտոտելուն 1-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն Քվեարկության օրը ժամը 12.00-ի դրությամբ ուսումնասիրված հաղորդումներից աշխատանքային խումբը առանձնացրել է առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող 12 հրապարակումներ: Բացի հիշատակված հաղորդումներից, ստուգման առարկա է դարձել նաև ՀՀ ոստիկանությունում ստացված նույն բնույթի 4 ահազանգերը: Նշված բոլոր հաղորդումները օպերատիվ կերպով ուղարկվել են ՀՀ ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի տարածքային բաժիններ՝ օրենքով սահմանված կարգով պատշաճ ստուգելու հանձնարարությամբ: Վարույթ իրականացնող մարմիններին հանձնարարվել է ձեռնարկել անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նշված հաղորդումների իրական հանգամանքները պարզելու, սեղմ ժամկետում իրավական գնահատական տալու նպատակով: ՀՀ Գլխավոր դատախազությունում շարունակում է գործել «Թեժ գիծ»: Քվեարկության ընթացքում առերևույթ ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ հավաստի տեղեկատվություն հաղորդելու համար կարող եք զանգահարել (+374) 10 511-603 հեռախոսահամարին: Տեղեկություն հայտնողի գաղտնիությունը երաշխավորվում է:

Նմանատիպ նյութեր