4313 դիտում
19:25 04-05-2017
Մենք շահագրգռված ենք, որպեսզի «Թավիթյան» հիմնադրամն ընդլայնի իր գործունեությունը Հայաստանում. Կարեն Կարապետյան
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է «Թավիթյան» հիմնադրամի պատվիրակությանը՝ հիմնադրամի հիմնադիր, նախագահ, գործարար և բարեգործ Ասո Թավիթյանի ու Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի դեկան, ադմիրալ Ջեյմս Ստավրիդիսի գլխավորությամբ:
Վարչապետը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել «Թավիթյան» հիմնադրամի աջակցությամբ կրթական ծրագրերի իրականացման համար, որոնց շրջանակում արդեն վերապատրաստվել է շուրջ 300 ՀՀ պետծառայող՝ միջազգային հարաբերություններ, տնտեսագիտություն, իրավագիտություն և հանրային կառավարում ուղղություններով:
«Մեծապես կարևորում եմ «Թավիթյան» հիմնադրամի ու Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի հետ համագործակցությունը: Հիմնադրամը բարձր հեղինակություն ունի Հայաստանում: ՀՀ կառավարության բարեփոխումներն ու ծրագրերն առաջին հերթին ուղղված են հենց կառավարման արդյունավետության բարձրացմանը: Մենք շահագրգռված ենք, որպեսզի հիմնադրամն ընդլայնի իր գործունեությունը Հայաստանում, և ձեր ծրագրերը շարունակական բնույթ կրեն», - իր խոսքում նշել է կառավարության ղեկավարը:
Կարեն Կարապետյանը ներկայացրել է ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգը՝ անդրադառնալով, մասնավորապես, կառավարման համակարգի արդիականացման, բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, պետություն-մասնավոր գործակցության ձևաչափով ստեղծված Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործունեությանը և այլն:
Ասո Թավիթյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Կարապետյանին բարձր գնահատականի համար՝ գոհունակությամբ խոսելով «Թավիթյան» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքի, արդյունքների և Հայաստանից մասնակցող մասնագետների պատրաստվածության մասին: ««Թավիթյան» հիմնադրամի նպատակն է կրթական ծրագրերի միջոցով հնարավորինս աջակցել Հայաստանի զարգացմանը: Պատրաստ ենք շարունակել և ընդլայնել երիտասարդ մասնագետների կարողությունների հզորացմանն ուղղված նախաձեռնությունները», - նշել է Ասո Թավիթյանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի զարգացման տեսլականի և հեռանկարների շուրջ, կարևորել կրթության դերն առկա մարտահրավերները դիմագրավելու գործում և լայն աշխարհայացքով ու մտածելակերպով երիտասարդ մասնագետների պատրաստումը:
Վարչապետը կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել քննարկել հնարավոր նոր ծրագրերն ու աջակցել դրանց իրագործմանը:
Նմանատիպ նյութեր
3145 դիտում
18:32 21-02-2017
Մենք չափազանց շահագրգռված ենք, որպեսզի բոլորդ Հայաստանի Հանրապետությունում զգաք ապահով. Կարեն Կարապետյան
4102 դիտում
17:50 12-03-2017
«Մենք շահագրգռված ենք, որպեսզի մեր խոշոր ձեռնարկությունները լինեն հաջողակ». Կարեն Կարապետյան
Այս բաժնից
760 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2119 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
751 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար