Դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլի լավագույն աշակերտներին դիպլոմներ են հանձնվել
Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված հանդիսավոր միջոցառմամբ ամփոփվել է 2016-2017 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի Երևանի քաղաքային փուլը: Բարձր արդյունք ցուցաբերած 74 աշակերտ պարգևատրվել է առաջին կարգի դիպլոմով։ 4 աշակերտ տարբեր առարկաներից արժանացել է կրկնակի, իսկ մեկ աշակերտ` քառակի դիպլոմի: Ի դեպ, Երևանի քաղաքապետարանի դիպլոմներով պարգևատրվող աշակերտները մայրաքաղաքի հիմնական և ավագ դպրոցների, ինչպես նաև Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի, «Քվանթ» վարժարանի, «ԱՅԲ» կրթահամալիրի սաներն են։
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով բոլոր դիպլոմակիրներին՝ քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը վստահություն է հայտնել, որ աշակերտները լիովին պատրաստ են հանդես գալու միջազգային տարբեր օլիմպիադաներում:
«Շնորհավորում եմ բոլորին առարկայական օլիմպիադայում գրանցած հաջողությունների համար: Այս տաղանդավոր երեխաներն իսկապես պատիվ են բերում մեր երկրին ու, իհարկե, նաև քաղաքամայր Երևանին: Գրանցած ձեռքբերումներն, անշուշտ, մանկավարժների աշխատանքի արդյունք են, որոնց շնորհիվ աշակերտներն այսօր հպարտությամբ կանգնած են այստեղ», - նշել է Արամ Սուքիասյանը:
Նշենք, որ 16 առարկայից անցկացվող օլիմպիադայի քաղաքային փուլին մասնակցել է 2356 աշակերտ, որոնցից դիպլոմների են արժանացել 417-ը, որոնցից 2-րդ կարգի՝ 116, իսկ 3-րդ կարգի՝ 227 աշակերտ:
Իսկ քաղաքային փուլի մասնակից աշակերտներից 595-ը մասնակցում են առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին: