211652_close_icon
views-count12799 դիտում article-date 19:20 30-04-2017

Թաթուլ Կրպեյանի անվան այգում տեղադրվել է հերոսի կիսանդրին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և պաշտոնատար այլ անձինք Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ընտանիքի անդամների ու հարազատների, Թաթուլի զինակից ընկերների ու բազմաթիվ բնակիչների հետ միասին այսօր Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում ներկա են գտնվել հերոսի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը: Մինչ այդ ներկաները նախ հարգանքի տուրք են մատուցել Հայոց ազատամարտի նահատակների հիշատակին, ծաղիկներ խոնարհել այգում ամփոփված ազատամարտիկների շիրիմներին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Կիսանդրու բացման հանդիսավոր արարողության շրջանակում ելույթ ունեցողներն առանձնակի կարևորել են նմանատիպ նախաձեռնությունների կյանքի կոչման անհրաժեշտությունը՝ հատկանշելով, որ դա ոչ միայն հարգանքի տուրք է Հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին, այլ նաև մատաղ սերնդի մեջ հայրենասիրության յուրովի սերմանում ու հերոսության դաստիարակում է: Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կիսանդրու հանդիսավոր բացման արարողությունից հետո ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի կողմից տեղում մատուցվել է հոգեհանգստի կարգ՝ հայ ազգային ազատագրական պայքարում զոհվածների հոգիների հանգստության համար: Ներկաները ծաղիկներ են խոնարհել Թաթուլ Կրպեյանի կիսանդրու պատվանդանին, հարգանքի տուրք մատուցել Հայաստանի ազգային հերոսի հիշատակին: Կիսանդրու հեղինակը ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանն է:

Նմանատիպ նյութեր