Մայիսի 8-ին, 9-ին և 28-ին մայրաքաղաքի վարչական բոլոր շրջաններում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի հանրակրթության և վերահսկողության վարչությունների պետերին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է շարունակել պարբերական շրջայցերը քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներ և խստորեն վերահսկել մատակարարվող սննդի որակն ու պահպանման պայմանները:
Անդրադառնալով քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների ավարտական խմբերում ուսումնական տարեվերջին սպասվող ավարտական հանդեսներին՝ հանձնարարվել է նախապատրաստական աշխատանքներ տանել ավարտական հանդեսների շրջանակում սաներին դպրոցական պայուսակների և գրենական պիտույքների տրամադրման գործընթացը պատշաճ կազմակերպելու ուղղությամբ:
Աշխատանքային խորհրդակցության ավարտին աշխատակազմի մշակույթի վարչությանը հանձնարարվել է նախապատրաստական աշխատանքներ տանել ապրիլի 29-ին պարի և ապրիլի 30-ին ջազի միջազգային օրերի առիթով մայրաքաղաքում տարբեր միջոցառումների կազմակերպման ուղղությամբ:
Մայիսի 8-ի՝ Շուշիի ազատագրման օրվա և Մայիսի 9- ի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, ինչպես նաև Մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա առթիվ հանձնարարվել է վարչական բոլոր շրջաններում կազմակերպել տոնական միջոցառումներ:
Արդեն ավանդական դարձած «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրի կազմակերպման նպատակով էլ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ և կազմել միջոցառումների հստակ ծրագիր և ժամանակացույց:
[b]
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]