Թուրքիայի ընդդիմությունը պատրաստվում է բողոքարկել սահմանադրական ընտրությունների արդյունքները
Թուրքիայի ընդդիմադիր Ազգային-հանրապետական կուսակցությունը պատրաստվում է բողոքարկել նախօրեին անցկացված սահմանադրական փոփոխությունների հարցով ընտրությունների արդյունքները, որոնց նախնական տվյալներով՝ ընտրողների կեսից ավելին «այո» է ասել, հաղորդում է Interfax-ը։
Կուսակցությունը հայտնել է ընտրությունների ժամանակ արձանագրված բազմաթիվ խախտումների մասին և պահանջում է վերահաշվարկել քվեաթերթիկների 60%-ը։
Նշենք, որ սահմանադրական փոփոխությունները նախատեսում են 18 ուղղում, մասնավորապես, երկրի նախագահի լիազորությունների ընդլայնում և անցում՝ խորհրդարանական համակարգից նախագահականի։
Ավելի վաղ Anadolu գործակալությունը հայտնել էր, որ հաշվարկվել է քվեաթերթիկների 99.97%-ը, ըստ որոնց՝ կողմ է քվեարկել ընտրողների 51.41%-ը, դեմ՝ 48,59%-ը։
Ընդ որում, Թուրքիայի 3 խոշորագույն քաղաքներում՝ Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում ընտրողները դեմ են քվեարկել։