211652_close_icon
views-count2364 դիտում article-date 18:07 13-04-2017

Էդուարդ Շարմազանովն ընդունել է Նորվեգիայի «Լիդերհորն» երգչախմբի անդամներին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 13-ին ընդունել է Նորվեգիայի Թագավորությունից Հայաստան ժամանած «Լիդերհորն» երգչախմբի անդամներին: Նշենք, որ խումբը Հայաստան է եկել հարգելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը եւ հայերին հաղորդակից դարձնելու նորվեգական հոգեւոր երաժշտությանը: Նրանք նախորդ օրն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Ողջունելով հյուրերի այցը մեր երկիր՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է երգչախմբի՝ մշակույթի միջոցով 21-րդ դարում առկա մարտահրավերների եւ անարդարությունների դեմ պայքարելու առաքելությունը: «Համոզված եմ, որ անցյալի անարդարությունների դեմ մենք պետք է պայքարենք քրիստոնեաբար՝ սեր եւ համերաշխություն քարոզելով, իսկ ձեր պայքարում ես տեսնում եմ արդարության ձգտում»,-ընդգծել է պարոն Շարմազանովը: ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է ցեղասպանությունների դեմ պայքարը եւ այդ համատեքստում ընդգծել, որ նման ոճրագործությունների դեմ անկախ իրենց կրոնական հայացքներից պետք է պայքարեն ոչ միայն քաղաքական, այլ նաեւ մշակույթի գործիչները՝ համամարդկային արժեքների միջոցով: «Շատ դեպքերում մենք՝ քաղաքական գործիչներս, չենք կարող անել այն, ինչ կարող եք անել դուք, եւ դա դուք երեկ ապացուցեցիք Ծիծեռնակաբերդում՝ ձեր երգի հնչյունների ներքո սեր, հանդուրժողականություն եւ եղբայրություն տարածելով ամենուր»,-նշել է Էդուարդ Շարմազանովը: Հյուրերն ընդգծել են, որ իրենց այցը հայ-նորվեգական հարաբերությունների զարգացման եւս մեկ ազդակ է եւ նշել, որ շարունակելու են իրենց արդար պայքարը: Կազմակերպիչների խոսքով՝ երգչախմբի վաղեմի երազանքն է եղել գալ Հայաստան ու այցելել հատկապես Ծիծեռնակաբերդ: Այցի ավարտին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ երգչախմբի անդամները եղել են ԱԺ նիստերի դահլիճում, ծանոթացել նիստերի վարման կարգին: Այնուհետեւ նիստերի դահլիճում նրանք կատարել են Կոմիտասի ստեղծագործություններից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր