211652_close_icon
views-count4986 դիտում article-date 20:52 06-04-2017

Ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում մարտական հերթապահությունում ընդգրկված զինծառայողները կստանան ուսման վարձի լրացուցիչ փոխհատուցում

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի ուղեկցությամբ ապրիլի 5-ին այցելել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան, ուսման վարձի լրացուցիչ զեղչի հավաստագրեր է հանձնել ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած ուսանողներին: Ուսման վարձի փոխհատուցման ծրագիրն իրականացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ` ՀՀ կառավարության և ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ։ Ուսանողների հետ հանդիպմանը Վիգեն Սարգսյանը նշել է, որ ապրիլյան մարտական գործողություններից հետո լայնորեն քննարկվել է մարտական հերթապահության մեջ ընդգրկված և մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին տրամադրվող ուսման վարձի փոխհատուցումների տարբերության հարցը: «Մենք անհրաժեշտ համարեցինք անհատական արձագանքել բոլոր դեպքերին: ՀՀ զինկոմիսարիատների և պաշտպանության նախարարությունում գործող «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացվել է ավելի քան 500 զանգ: Յուրաքանչյուր դեպք ուսումնասիրելուց հետո ընդամենը 5 զինվորական գրքույկում է հայտնաբերվել անճշտություն»,- ասել է նախարարը և շեշտել, որ անկախ զինվորական գրքույկում ամրագրված կարգավիճակից, ապրիլյան օրերին մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում ծառայած ուսանողները կունենան նույն հնարավորությունները, ինչ մարտական գործողություններին մասնակցած ուսանողները: Շնորհակալություն հայտնելով մարտական հերթապահություն իրականացրած բոլոր ուսանողներին, որոնք ստացան հավաստագրեր, ՀՀ պաշտպանության նախարարը նշել է. «Այս հավաստագրերը վկայությունն են նրա, որ ապրիլյան ծանր մարտահրավերի օրերին դուք ծառայության բերումով հայտնվեցիք շատ թեժ կետերում, որտեղ, իրոք, մեր երկրի արժանապատվության, ապագայի, անվտանգության կարևորագույն խնդիրներն էին լուծվում: Ապրիլը մեզ համար շատ կարևոր և մեծ դաս էր. ևս մեկ անգամ վերլուծվեցին մեր ուժեղ և թույլ կողմերը, մեր առաջիկա անելիքները, ծրագրվեց աշխատանք, որը չափազանց կարևոր է մեր երկրի անվտանգության ապահովման համար»: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ևս կարևորելով ծրագիրը, շեշտել է, որ ծրագրի արդյունքները կերևան առաջիկա տարիների ընթացքում: «Խոսքը միայն ուսման վարձի փոխհատուցման մասին չէ։ Խոսքը մեր երկրի համար կարևորագույն սկզբունքների պահպանմանն է վերաբերում։ Մարդիկ, որոնք զենքը ձեռքին կատարել են իրենց պարտքը հայրենիքի հանդեպ և այժմ վերադարձել են ուսանողական նստարանին, պետք է շարունակեն իրենց առաքելությունը։ Պաշտպանության նախարարը մի մեծ գաղափար է շրջանառության մեջ դրել՝ մեկ ազգ, մեկ բանակ։ Դա խորը գաղափար է, և մենք իրավունք չունենք այն թողնել միայն ձևի մեջ, այն պետք է հարստացվի նաև բովանդակությամբ։ Բոլորը պետք է իմանան, որ մեր խաղաղության տեսակը միայն հաղթական է լինելու»,- ասել է Լևոն Մկրտչյանը: Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է նաև ուսանողների հարցերին: ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համատեղ ծրագրի շրջանակներում 2016 թ. ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ մարտական հերթապահության մեջ ընդգրկված և արդեն զորացրված մոտ 450 զինծառայողներ, ովքեր բուհերի կողմից ստանում են ուսման վարձի 30 տոկոս զեղչ, կտրամադրվի լրացուցիչ 20 տոկոս զեղչ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր