211652_close_icon
views-count2925 դիտում article-date 11:26 06-04-2017

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը վերսկսում է իր ծրագրերը

Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի հետ կապված՝ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը հայտարարել էր բարեգործական բոլոր ծրագրերը դադարեցնելու մասին, հայտնում են «Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայությունից։ Բուն ընտրարշավի ժամանակ ևս հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը ճիշտ չի համարել անդրադառնալ այդ ծրագրերին: Հիմա, երբ արդեն ավարտվել են ընտրությունները, հիմնադրամը աստիճանաբար կտեղեկացնի նոր ծրագրերի մասին: Որպես նոր ծրագրերի մեկնարկ` մոտ օրերս հիմնադրամի կողմից սննդամթերք կտրամադրվի Վանաձոր քաղաքի բոլոր քսան նախակրթարաններին՝ նպատակ ունենալով առավել բազմազան դարձնել երեխաների սնունդը: Թե մինչև ընտրությունները, թե նախընտրական շրջանում լինելով տարբեր համայնքերում, ունենալով բազմաթիվ հանդիպումներ՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը վերստին արձանագրել է, որ ցավոք, ֆինանսական սուղ հնարավորությունները հաճախ թույլ չեն տալիս նախակրթարանների երեխաների համար ապահովել սննդամթերքի լիարժեք բազմազանություն: Դրա համար կան օբյեկտիվ, բայց առավել հաճախ սուբյեկտիվ պատճառներ, մասնավորաբար համայնքային բյուջեների ոչ ճիշտ և արդյունավետ օգտագործումը: Ուստի ցանկալի է, որ համայնքների ավագանիները առավել լուրջ հսկողության տակ պահեն իրենց բյուջեները, իսկ բյուջետային ծախսերը լինեն առավել թափանցիկ: Կարեն Կարապետյանը և «Տաշիր» բարեգործական հիմնադրամը պարբերաբար են աջակցում նախակրթարաններին, այսուհետ ևս շարունակելու են աջակցել: Սակայն առավել կարևոր է, որ վերահսկելի, թափանցիկ ու արդյունավետ բյուջե ձևավորելու արդյունքում այդ խնդիրները կարողանան իրականացնել հենց համայնքերը: Անթույլատրելի է որևէ չարաշահում կամ անփութություն, առավել ևս այն դեպքում, երբ դա կարող է վնասել մեր երեխաների անհոգ մանկությանը: Հավելենք, որ մոտ օրերս կհայտարարվի նաև մարզի այլ տարածաշրջանների նախակրթարանների համար համանման ծրագիր իրականացնելու մասին:

Նմանատիպ նյութեր