211652_close_icon
views-count4529 դիտում article-date 20:06 29-03-2017

Տեղի ունեցավ «ՎԵՐսկիզբ. սիրիահայերի հաջողություններն ու ավանդը Հայաստանի ձեռնարկատիրության ոլորտում» գրքի շնորհանդեսը և համանուն լուսանկարների ցուցահանդեսը

Այսօր՝ մարտի 29-ին, Երևանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «ՎԵՐսկիզբ. սիրիահայերի հաջողություններն ու ավանդը Հայաստանի ձեռնարկատիրության ոլորտում» գրքի շնորհանդեսը և համանուն լուսանկարների ցուցահանդեսը: Միջոցառումը կազմակերպվել էր «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության և Գերմանիայի կառավարության պատվիրմամբ իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի բաղադրիչն է: Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերն իր ելույթում նշեց, որ ՀՀ կառավարությունը անում է հնարավոր ամեն բան՝ սիրիահայերի խնդիրները լուծելու համար, և մեկ շնչին ընկնող սիրիահայերի թվով Հայաստանը առաջ է եվրոպական շատ երկրներից: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը կարևորեց Սփյուռքի նախարարության և մյուս գերատեսչությունների դերը՝ սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքներում: Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին՝ ծրագրին աջակելու համար: ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, նախարարությունում սիրիահայերի հետ տարվող աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանն իր հերթին ընդգծեց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ սիրիահայերի հետ տարվող աշխատանքները համակարգում է Սփյուռքի նախարարությունը՝ նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ: Իրականացված աշխատանքների արդյունքները, ինչպիսիք են՝ անվճար բուժօգնության, կրթության իրավունք, դյուրացված կարգով ՀՀ քաղաքացիության իրավունքի ձեռքբերում, բնակվարձերի փոխհատուցում և այլն, հնարավոր է եղել ՀՀ կառավարության և միջազգային, հասարակական և բարեգործական կազմակերպությունների սերտ համագործակցության արդյունքում: Նա հույս հայտնեց, որ այսուհետ ևս այդ աշխատանքները կլինեն շարունակական և համակարգված: Սիրիահայերի Միության նախագահ Ներսես Քեվոն շնորհակալություն հայտնեց Հայաստանի պետական գերատեսչություններին՝ իրենց խնդիրներին ականջալուր լինելու և սրտացավ վերաբերմունք դրսևորելու համար, ինչպես նաև հասարակական կազմակերպություններին, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությանը (ԳՄՀԸ), Գերմանիայի Դաշնային Հանրապետության ներկայացուցչին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր