211652_close_icon
views-count5894 դիտում article-date 19:06 26-03-2017

Տնտեսագիտական համալսարանում իր աշխատանքներն է սկսել «SUCCESS» միջբուհական ուսանողական երկօրյա աշխատաժողովը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մարտի 25-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում իր աշխատանքներն է սկսել Տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհրդի կազմակերպած «SUCCESS» միջբուհական ուսանողական երկօրյա աշխատաժողովը: Այն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ: «Ձեր հաջողությունը մեր նպատակն է» կարգախոսը կրող աշխատաժողովին մասնակցում են հայաստանյան 7 բուհերի շուրջ 100 ուսանողներ։ Աշխատաժողովի 2 օրերի ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան բացահայտելու ժամանակակից աշխատաշուկայի գաղտնիքները մարդկային ռեսուրսների կառավարման բնագավառի առաջատար մասնագետների բանախոսությունների և ինտերակտիվ խաղերի օգնությամբ: Աշխատաժողովի բացման հանդիսավոր արարողության ընթացքում ողջույնի ելույթով հանդես եկավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը։ «Բուհում ստացած հիմնարար գիտելիքներից զատ ուսանողների համար շատ կարևոր են նաև ոչ ֆորմալ գիտելիքները, որոնք նպաստում են կիրառական հմտությունների ձևավորմանը և տեսական գիտելիքների պաշարը համեմում փորձնականով»,- նշում է Կորյուն Աթոյանը՝ բարձր գնահատելով Ուսանողական խորհրդի այսօրինակ նախաձեռնությունը։ Տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը հարազատ կրթօջախի հարկի տակ ողջունեց աշխատաժողովի բոլոր մասնակիցներին՝ մաղթելով արդյունավետ և նոր գիտելիքներով հարուստ աշխատանքային օրեր, և «SUCCESS» միջբուհական ուսանողական աշխատաժողովը հայտարարեց բացված։ «Մեր Ուսանողական խորհուրդն իր առջև մշտապես դնում է ուսանողների մասնագիտական որակների բարձրացման, նոր ու աշխատաշուկայի պահանջներին համապատասխան գիտելիքների և փորձի փոխանակումը, որի լավագույն օրինակը հենց ավանդաբար կազմակերպվող նմանօրինակ միջբուհական ուսանողական աշխատաժողովներն են»,- իր ելույթում նշեց Սերգեյ Խառատյանը։ Աշխատաժողովի 2 օրերի ընթացքում բանախոսություններով հանդես կգան տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ, ովքեր ուսանողներին կփոխանցեն պրակտիկ գիտելիքներ և զանազան հմտություններ հաջողության հասնելու համար: Կկազմակերպվեն նաև ինտերակտիվ քննարկումներ և խաղ-վարժություններ: Աշխատաժողովի մասնակիցներին կտրվի հավաստագրեր, իսկ առավել ակտիվ մասնակիցները կստանան անակնկալ նվերներ և մրցանակներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր