211652_close_icon
views-count130418 դիտում article-date 15:15 25-03-2017

Սևան քաղաքում տեղի ունեցավ ԱԺ պատգամավորության թեկնածու Կարեն Բոթոյանի հանդիպումը ընտրողների հետ. ներկա էր հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն համարվող «ծանր հրետանին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 25-ին, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքւմ տեղի ունեցավ Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու, Հանրապետական կուսակցության անդամ Կարեն Բոթոյանի հանդիպումը սևանցիների հետ։ Այն տեղի ունեցավ Սևանի մշակույթի տան դիմաց, և հավաքվել էր հոծ բազմություն։ Մինչ պատգամավորության թեկնածուն ելույթ կունենար, նրա վստահված անձինք, երբ փորձում էին ներկայացնել Կ. Բոթոյանի կյանքն ու գործունեությունը, ժողովուրդը սկսեց արձագանքել. «Մենք ծանոթ ենք Կարենի աշխատանքային գործունեությանը, նա 5 տարի մեր պատգամավորն է եղել, և եթե շատ պատգամավորներ Ազգային ժողովի ամբիոնը օգտագործում էին միայն խոսելու համար, ապա նա ավելի շատ գործի մարդ դուրս եկավ։ Նրա կատարած բազմաթիվ ու բազմաբնույթ բարեգործական աշխատանքները Գեղարքունիքի մարզում շատերն են իրենց մաշկի վրա զգացել»։ «Հիմա, եթե ասենք, որ անգամ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին նրա մի ոտքը Արցախի Հանրապետության առաջնագծում էր, մի ոտքը՝ իր ընտրողների մոտ, շատերը կսկսեն վայրահաչել, թե նորից հիշեցրին քառօրյա պատերազմի հերոսներին, բայց ինչքան էլ չուզենաս արտահայտվես, միևնույն է, իրականությունից չես կարող փախչել։ Մենք հավատում ենք, որ հերթական անգամ մեր դեսպանը Ազգային ժողովում կլինի Կ. Բոթոյանը, քանի որ նա մեզ երբեք հուսախաբ չի արել ու տարվա ցանկացած եղանակին կանգնած է եղել թե՛ իր ընտրողի, թե՛ իր մարզի բնակչի թիկունքին»,-ֆոտոլրագրողի հետ զրույցում նշում էին պատգամավորության թեկնածուի հետ հանդիպման եկած սևանցիները։ Կ. Բոթոյանը իր ելույթում ներկայացրեց իր կուսակցության և իր տեսլականը՝ պարզ և հստակ, ժողովրդի համար հասանելի ու մատչելի լեզվով։ Նա հայտարարեց, որ Հանրապետական կուսակցության ծրագիրն իրագործելի է։ Կուսակցությունն ունի կառավարման հարուստ փորձ և իրենց նպատակներն իրագործելու են ժողովրդի համախմբվածությամբ, ինչի շնորհիվ էլ յուրաքանչյուրի աշխատանքի շնորհիվ առաջընթացն անխուսափելի է լինելու։ Նա դիմեց նաև երիտասարդներին՝ ասելով, որ նրանք ունեն մեծ ներուժ և անսահման եռանդ։ Դիմեց նաև միջին սերնդի մարդկանց, որոնք արդեն ունեն անցած ճանապարհ, կենսունակ են և իրատես։ Իսկ ավագ սերնդին դիմելով՝ հայտարարեց, որ նրանք Հայաստան երկրին տվել են իրենց փորձն ու փորձառությունը։ Հավաքված սևանցիները միանշանակ պնդում էին, որ մեծամասնությունն արդեն կողմնորոշվել է, թե ում է տալու իր քվեն, թե որ պատգամավորն է օրենսդիր մարմնում ներկայացնելու իրենց շահերը. դա Կարեն Բոթոյանն է և քննարկման առարկա չի կարող լինել։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ այսօրվա միջոցառմանը ներկա էր և պատգամավորության թեկնածուին ու Հանրապետական կուսակցության համար ակտիվ քարոզչություն էր կատարում հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություններ համարվող Արա և Ալիկ Բանդուրյան եղբայրներից Արան՝ իր «շքախմբի» հետ։ Հավաքվածներին էլ հորդորում էին՝ իրենց քվեն տալ Հանրապետական կուսակցությանը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 234+
234+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր