211652_close_icon
views-count2836 դիտում article-date 16:46 25-03-2017

Արցախի և Հայաստանի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդատվություններ են անցկացվել

Մարտի 24-ին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև կայացան հերթական քաղաքական խորհրդատվությունները։ Հայաստանյան կողմից խորհրդատվությունները վարում էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, իսկ արցախյան կողմից՝ արտաքին գործերի նախարարի տեղակալներ Արմինե Ալեքսանյանը և Ֆելիքս Խաչատրյանը։ Խորհրդատվությունների ընթացքում քննարկվեցին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև առկա համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Հատուկ քննարկման առարկա դարձան միջազգային հարթակներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ դիրքորոշումների համաձայնեցման և այդ նպատակով փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ Կողմերն անդրադարձան նաև Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին զարգացումներին, մասնավորապես, ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակին։ Մտքեր փոխանակվեցին նաև տարածաշրջանային ու միջազգային մի շարք հարցերի շուրջ։ Խորհրդատվությունների շրջանակներում փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանին ընդունեց նաև Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ով գոհունակությամբ նշեց երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև առկա համագործակցության բարձր մակարդակը և համոզմունք հայտնեց, որ համատեղ ջանքերով այն պետք է զարգացնել և խորացնել։ Արցախ կատարած այցի ընթացքում փոխարտգործնախարար Հովակիմյանին ընդունեցին նաև Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը և Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։

Նմանատիպ նյութեր