«Լավ էլի» բենդը համերգ ունեցավ ԵՊՀ-ում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Ես ձեզ սիրեցի»,- համալսարանականներին ասաց «Լավ էլի» ալտերնատիվ ռոք խմբի երգիչ Մհեր Մանուկյանը ԵՊՀ-ում կայացած համերգի ժամանակ:
Իր տեսակով համերգային այս եզակի ծրագիրը կազմակերպել էր ԵՊՀ ՈւԽ մշակույթի հանձնաժողովը: «Բենդերի մեկամսյակը համալսարանում» խորագիրը կրող համերգաշարը նվիրված է Մայրության ու գեղեցկության տոնին:
Ամբողջ համերգի ընթացքում ուսանողները երգում երաժիշտների հետ, ոգևորում նրանց ու ավելի ոգևորվում յուրաքանչյուր երգից:
«Զանգեցին ինձ, մի հաճելի ձայնով աղջիկ՝ Գայանեն Ավդալյանը, ում վաղուց ճանաչում էինք, ասաց համերգի մասին: Մենք էլ համաձայնեցինք»,- ասաց խմբի վոկալիստ Մհեր Մանուկյանը, նշելով, որ կլինեն նաև համալսարանական պրեմիերաներ:
«Շեշտը դրված չէ միայն ռոք խմբերի վրա: Մենք ուզում ենք ցույց տալ, որ համալսարանում ևս կարելի է ժամանակին համապատասխան երաժշտություն լսել»,- նշեց մշակույթի հանձնաժողովի փոխնախագահ Գայանե Ավդալյանը:
ԵՊՀ ՈւԽ նախագահ Արմեն Խաչիկյանը «Լավ էլի» լսում էր դեռևս պատանեկան տարիներին: Ասում է՝ «Լավ էլի»-ն յուրահատուկ է իր կատարումներով, ոճով, երգերի գաղափարներով: «Մենք հաճախ ենք ներկա գտնվում դասական երաժշտության համերգների կամ ազգագրական երգի ու պարի երեկոների, բայց, կարծում եմ, ուսանողները պետք է ծանոթանան նաև երաժշտական մյուս ժանրերին»,- ասաց նա, հավելելով, որ սա լավ առիթ է առօրյայից կտրվելու, լավ ժամանակ անցկացնելու համար:
Ծրագրի մեկնարկը տվեց «Լավ էլի» բենդը: «Ի սկզբանե որոշել էինք համալսարանում կազմակերպել տարբեր խմբերի, բենդերի կամ անհատ կատարողների համերգներ: Գաղափարները շատ էին, բայց ուսանողների երաժշտական ճաշակը հաշվի առնելով որոշվեց՝ շարքի առաջին համերգին ելույթ կունենա «Լավ էլի»-ն»,- նշեց ԵՊՀ ՈւԽ մշակույթի հանձնաժողովի նախագահ Աննա Գարեգինյանը:
Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպության նախաձեռնած ծրագիրը շարունակական բնույթ կունենա:
ԵՊՀ Ուսանողական Խորհուրդ