211652_close_icon
views-count2572 դիտում article-date 19:16 10-03-2017

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկին՝ Եվրոպական խորհրդի նախագահի բարձր պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Եվրոպական խորհրդի նախագահի բարձր պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, ինչը հանուն Եվրոպական միության կայուն ապագայի կատարած Ձեր վիթխարի աշխատանքի լավագույն գնահատականն է և Ձեր հանդեպ առկա մեծ վստահության արտահայտությունը։ Բարձր եմ գնահատում Ձեր նախորդ մանդատի ընթացքում մեր միջև ընթացող անկեղծ, կառուցողական և ջերմ երկխոսությունը, որը լավագույնս ծառայեց Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների առաջընթացին. շոշափելիորեն խորացավ ոչ միայն Հայաստան-ԵՄ երկկողմ գործակցությունը, այլև համագործակցությունը Արևելյան գործընկերության շրջանակներում։ Իհարկե, առանձնահատուկ ջերմությամբ եմ հիշում իմ վերջին այցը Բրյուսել, մեր բովանդակային քննարկումները, ինչպես նաև Ձեր սրտաբաց հյուրընկալությունը: Վստահ եմ, որ Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունների ավարտը և հետագայում նրա ուժի մեջ մտնելը նոր էջ կբացեն մեր երկկողմ հարաբերությունների պատմության մեջ՝ որակական նոր մակարդակի բարձրացնելով դրանք։ Հաստատակամ ենք կյանքի կոչելու բոլոր պայմանավորվածությունները, քանզի Եվրոպական միության հետ համագործակցությունը մեծապես նպաստում է Հայաստանում արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության և այլ ոլորտներում բարեփոխումների գործընթացին, ինչը մենք մեծապես կարևորում ենք: Կրկին շնորհավորելով Ձեզ՝ մաղթում եմ ձեռքբերումներով և հաղթանակներով լի աշխատանքային տարիներ՝ հանուն մեր մեծ տարածաշրջանի՝ Եվրոպայի միասնության ու անվտանգության: Հայաստանը պատրաստ է հնարավորինս նպաստել այդ գործին Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»:

Նմանատիպ նյութեր