211652_close_icon
views-count1655 դիտում article-date 13:07 09-03-2017

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Փարիզի քաղաքապետի հետ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` Ֆրանսիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Փարիզում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: Ողջունելով Երևանի գործընկերոջը` Փարիզի քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ այն հետևողականության ու պատրաստակամության համար, որն ուղղված է Երևանի և Փարիզի միջև հաստատված կապերն էլ ավելի ընդլայնելուն և զարգացնելուն՝ նկատելով, որ այս հանդիպումը դիտարկում է ոչ թե սոսկ արարողակարգային, այլ լավ բարեկամի հետ կրկին հանդիպելու հրաշալի հնարավորություն: «Պարոն քաղաքապետ, շատ ուրախ եմ Ձեզ հյուրընկալելու մեր մայրաքաղաքում և համոզված եմ, որ այս այցով նոր թափ կհաղորդվի Երևանի և Փարիզի միջև ձևավորված համագործակցությանը, որն իսկապես արդյունավետ է ու հաջողված: Հուսամ մեր մայրաքաղաքը կկարողանա Ձեզ փոխադարձել գոնե մի մասնիկն այն ջերմության, որը ես իսկապես ստացա ու զգացի Երևանում: Համոզված եղեք, որ վերջին այցիս ընթացքում Երևանում անցկացրած օրերն իսկապես համալրեցին իմ կյանքի անմոռանալի հուշերի շարքը և ես հյուրընկալության արվեստի մայրաքաղաք Երևանից հաճելի տպավորություններով վերադարձա Փարիզ ու այսօր էլ Ձեզ հյուրընկալում եմ որպես իմ լավ բարեկամի», - ընդգծել է Անն Իդալգոն: Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության ու ջերմ խոսքերի համար` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին առանձնակի կարևորելով երկու մայրաքաղաքների միջև գործնական կապերի ընդլայնումն ու էլ ավելի զարգացումը, մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանի և Փարիզի միջև իսկապես առկա է փոխգործակցության լայն դաշտ, որը հնարավորություն է տալիս էլ ավելի ընդլայնել համատեղ ծրագրերը ինչպես տեղական ինքնակառավարման, տնտեսական զարգացման, զբոսաշրջության խթանման, ներդրումների ներգրավման, այնպես էլ քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում: «Հարգարժան տիկին քաղաքապետ, երկու մայրաքաղաքների միջև բարեկամական և գործընկերային կապերի ամրապնդումը, երկկողմ ծրագրերի մշակումն ու ամենատարբեր ոլորտներում ծրագրային համագործակցությունն իսկապես կարևորված է Երևանի համար, և ես համոզված եմ, որ առաջիկա տարիներին մենք կարձանագրենք նոր ձեռքբերումներ, որոնք սպասված ու կարևորված են երկու մայրաքաղաքների բնակիչների համար: Երևանի քաղաքապետարանը մեծապես կարևորում է համագործակցության խորացումը ֆրանսիական գործընկեր քաղաքների և ռեգիոնների հետ և, համոզված եղեք, որ այդ համատեքստում Փարիզը մեզ համար առանձնակի նշանակություն ունի», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել նաև համագործակցության ծրագրերի ընթացքի և նախանշված աշխատանքների իրականացման վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր