Մարտակերտի շրջանի Նոր Կիլիկիայում նոր բնակարաններ են ստացել ևս 15 ընտանիք
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ կառուցված Մարտակերտի շրջանի Նոր Կիլիկիա բնակավայրի ևս 15 բնակարան հանձնվել է իրենց տերերին:
Բնակարանները տրամադրվել են Մարտակերտի շրջանի Կիչան և Նոր Ղազանչի համայնքների զոհված ազատամարտիկների և բազմազավակ ընտանիքներին:
«Արցախպրես»-ի հետ զրույցում Մարտակերտի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Խաչատրյանն ասել է, որ այն տարածքը, ուր կառուցվել են բնակարանները, բնակիչների համար սուրբ վայր է, որովհետև արցախյան գոյամարտի ժամանակ հայ քաջորդիները հակառակորդի առաջխաղացումը հենց այստեղ են կասեցրել:
«Սկզբնական շրջանում կառուցվել և բնակիչներին է բաժանվել 10 բնակարան: Այնուհետև սկսվել են ևս 22 առանձնատների կառուցումը: Այսօր արդեն 15 բնակարան է շահագործման հանձնվել: Բնակարանները համապատասխանում են քաղաքաշինական ժամանակակից պայմաններին: Կառուցվել են բոլոր ենթակառուցվածքները, բարեկարգվել ճանապարհները»,- ասել է Վ. Խաչատրյանը:
[url=http://artsakhpress.am/arm/news/62935/nor-kilikiayum-nor-bnakaranner-en-stacel-evs-15-yntaniq-lusankarner.html]«Արցախպրես»[/url]