211652_close_icon
views-count3606 դիտում article-date 22:01 01-03-2017

Հայաստանի դիվանագետներն այցելեցին Արցախ

Մարտի 1-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմի և արտերկրում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանների, միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցիչների, գլխավոր հյուպատոսների հերթական հավաքի մասնակիցներն այցելեցին Արցախ: Դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները տեղում ծանոթացան հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից հերթական ռազմական արկածախնդրությունների արդյունքում տիրող իրավիճակին: Նույն օրը Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները՝ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ, Ստեփանակերտում հանդիպեցին Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էր Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը: Հանգամանալից քննարկվեցին 2016թ. Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակը, անցնող տարվա ընթացքում ագրեսիայի հետևանքները հաղթահարելուն ուղղված ջանքերը: Շեշտվեց Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հաստատված օրինակելի և սերտ փոխգործակցությունը: Արցախի նախագահը ներկայացրեց սահմանադրական բարեփոխումներից հետո ձեռնարկվելիք քայլերը, պետականաշինության գործում ձեռքբերումները: Իրականացվեց մտքերի փոխանակում տարբեր ոլորտներում Արցախի զարգացման հեռանկարների շուրջ: Նախագահ Սահակյանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին։ Արցախի նախագահը շնորհակալություն հայտնեց այն համալիր ջանքերի համար, որ Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ իրականացնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ կենտրոնական ապարատը և դիվանագիտական ներկայացուցչությունները՝ ուղղված հիմնահարցի խաղաղ կարգավորմանը: Նախագահ Սահակյանը Արցախի պետական պարգևներ հանձնեց Հայաստանի մի խումբ դիվանագետների։ Ընդլայնված հանդիպումից առաջ առանձնազրույց կայացավ նախագահ Սահակյանի և արտգործնախարար Նալբանդյանի միջև։

Նմանատիպ նյութեր